ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Երևանյան պատմամշակութային նշանակության շենքը վաճառվել է օֆշորային ընկերության
20:00, 28.02.2020 | mamul.am
4874 | 0

Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող պատմամշակութային նշանակության շենքը վաճառվել է օֆշորային ընկերության, հայտնում է ոստիկանությունը:

2001 թվականին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Կենտրոն» տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձինք, կեղծիք կատարելով, շենքը գրանցել են որպես հասարակական կազմակերպության սեփականություն, ինչից հետո այդ ՀԿ խորհրդի ղեկավարը, որը նաև Մշակույթի նախարարության բարձրաստիճան պաշտոնատար անձ է եղել, անտեսելով, որ շենքն ընդգրկված է պատմամշակութային հուշարձանների ցանկում, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ։

2007թ. շենքի և հողամասի մի հատվածը ՀԿ-ն 28 միլիոն 800 հազար դրամով օտարել է սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության՝ խախտելով Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա կնքված պայմանագրի դրույթները, իսկ այդ ընկերությունն էլ իրականացրել է պատմամշակութային հուշարձանի ապամոնտաժման աշխատանքներ․ շենքի հյուսիսային հատվածը քանդվել է, որոշ պատուհաններ լցափակվել են։

ՀԿ նախագահի կողմից 2012 թվականին ընկերության 100 տոկոս բաժնեմասը 550 հազար դոլարով ձևական գործարքի արդյունքում օտարվել է բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված օֆշորային ընկերություններից մեկին, որի տնօրենը հանդիսացել է Մշակույթի նախարարության նույն բարձրաստիճան պաշտոնյայի որդու կինը։ Այնուհետև ձևական գործարքների միջոցով նշված 100 տոկոս բաժնեմասի 50 տոկոսն անցել է հասարակական կազմակերպության նախագահին, 25 տոկոսը՝ հիշյալ ընկերության տնօրենի մորը, իսկ մյուս 25 տոկոսը մնացել է օֆշորային ընկերությանը։

Այս ապօրինությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 201 միլիոն դրամի վնաս։ Հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։

Երևանյան պատմամշակութային նշանակության շենքը վաճառվել է օֆշորային ընկերության
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր