ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Հայաստանն ամենևին պատրաստ չէ համաճարակին». Հայկ Մարտիրոսյան
21:50, 28.02.2020 | mamul.am
4957 | 3

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Սպիտակ տունն արգելել է ամերիկյան կառավարության Ալերգիաների և Վարակիչ Հիվանդությունների կենտրոնի տնօրեն` ամերիկյան ամենահեղինակավոր վիրուսոլոգ Էնթոնի Ֆաուչիին խոսել` առանց նախագահական աշխատակազմի թույլտվության:

Նախօրեին Ֆաուչին զգուշացրել էր, որ վարչակազմի ձեռնարկած միջոցներն անբավարար են և որ կորոնավիրուսը դառնում է պանդեմիա և կարող է սարսափելի ավերներ գործել ԱՄՆ-ում և աշխարհում:

Սպիտակ տան այդ քայլը բացատրվում է ԱՄՆ-ում աստիճանաբար տարածվող խուճապային և անհանգստության մթնոլորտի` անխուսափելի լուրջ ազդեցությամբ` տնտեսության վրա: Մամուլում փաստեր են հրապարակվում, որոնք ցույց են տալիս, որ երկիրը լիովին անպատրաստ է մեծամասշտաբ աղետին, իսկ վարչակազմը սպառնալիքին լուրջ չի մոտենում:

Արդյունքում` վարչակազմը նախընտրում է առաջնությունը տալ տնտեսական առաջընթացին, մինչդեռ բազում մասնագետների և մամուլի կարծիքով` տուժում է առողջապահական անվտանգությունը:

Այս առումով Հայաստանում նույն իրավիճակն է: Տնտեսության վրա ֆիքսված և այն իրենց հաղթաթուղթ դարձուած իշխանությունները խոր թմբիրի մեջ են և չեն պատրաստում ժողովրդին դիմակայելու կորոնավիրուսին` որպեսզի հանկարծ «պանիկա» չառաջանա, չեն ձեռնարկում անհրաժեշտ միջոցառումների ամբողջական սպեկտրը, որպեսզի հանկարծ տնտեսական վայրէջքներ չլինեն և արդյունքում վտանգում են հանրային առողջապահական անվտանգությունը: Եվ այստեղ Առողջապահության նախարարության դերը, ամենայն հավանականությամբ, մինիմալ է: Նման կարևոր և առանցքային հարցում` քաղաքականության պատասխանատուն երկրի առաջին դեմքերն են:

Հայաստանը չի ձեռնարկում անհրաժեշտ բոլոր միջոցները` մինիմալիզացնելու վտանգը: Ընդհակառակը՝ չնայած տարբեր հայտարարություններին, մեծ հաշվով, պետությունն ամենևին պատրաստ չէ համաճարակին: Առավել պատրաստ չէ հասարակությունը:

Հուսանք` լայնամասշտաբ աղետը կշրջանցի Հայաստանը: Բայց Հայաստանն այս վտանգավոր պատմական փուլ մտնում է բոլորովին մերկ և անպաշտպան»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր