ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
ԱՄՆ-ն Ռուսաստանից պահանջել է «անհապաղ իջեցնել» ռազմական ինքնաթիռները
12:10, 29.02.2020 | mamul.am
11318 | 2

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը Սիրիայի Իդլիբում տիրող իրավիճակի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանին կոչ է արել «անհապաղ իջեցնել» ռազմական ինքնաթիռները, հայտնում է Reuters-ը: «Մենք կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ իջեցնել ռազմական ինքնաթիռները: Եվ մենք կոչ ենք անում բոլոր սիրիական զորքերին և նրանց ռուս դաշնակիցներին հետ քաշվել կրակի սահմանազատման գծից, որը հաստատվել է 2018-ին»,- նշել է դիվանագետը:

Նա նաև դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Էնթոնի Գուտերեշին՝ խնդրելով անել հնարավոր ամեն ինչ՝ Իդլիբում հրադադարի հասնելու համար: Ըստ նրա՝ Միացյալ Նահանգները «պետք է կարևոր դեր խաղա» այս հարցում, եթե համաշխարհային հանրությունը ցանկանում է խուսափել ավելի մեծ էսկալացիայից:

Իր հերթին ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ թուրքական զորքերը Ռուսաստանի հետ կիսել են կոորդինատները, որոնք այնուհետև փոխանցվել են Սիրիայի կառավարական ուժերին՝ տեղում բախումներից խուսափելու համար: Նա նշել է, որ ռուսական ռազմական ինքնաթիռները չեն աջակցել սիրիական բանակին այն տարածքում, որտեղ սպանվել էին թուրք զինվորականները:

«Երեկ փոխանցված կոորդինատներում չեն մատնանաշվել այն շրջանները, որտեղ սպանվել են թուրք զինվորականները: Երբ դա հայտնի է դարձել, ռուսական կողմն սպառիչ միջոցներ է ձեռնարկել կրակը դադարեցնելու և զոհվածների ու վիրավորների անվտանգ տարհանման նպատակով»,- նշել է Վ.Նեբենզյան:

ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն վիճարկել է ռուս գործընկերոջ խոսքերը՝ ասելով, որ «ռադարների հետքերը» ցույց են տվել, որ հարձակման ընթացքում սիրիական և ռուսական ինքնաթիռները թռչել են հարձակման ժամանակ: «Մենք ռուսական ուժերի հետ նախնական գրավոր պայմանավորվածություն ենք ունեցել մեր շարասյան գտնվելու վայրի վերաբերյալ, սակայն օդային հարվածները շարունակվել են, չնայած հարվածներից անմիջապես հետո մեր արած նախազգուշացումներին»,- նշել է Սինիրլիօղլուն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր