ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Բավակա՛ն է գետնից ու փողոցից ուտելիք գնենք». Նորայր Նորիկյան
15:40, 25.03.2020 | mamul.am
6070 | 0

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏԿԱՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ...
Բավակա՛ն է գետնից ու փողոցից ուտելիք գնենք: Եկե՛ք դուրս գանք այս համազգային ԲԱԶԱՐԻ միջից:
Այս լուսանկարներն արվել են այսօր:
Սա Արարատի մարզի Գայ համայնքի վարչական տարածքում գտնվող «Մեյմանդարի» հայտնի բնամթերքի մեծածախ շուկան է, որտեղից ամեն օր առևտուր են իրականացնում Հանրապետության ողջ տարածքի բանջարեղենի բիզնեսով զբաղվող հազարավոր մարդիկ:

Նկարներից պարզ է դառնում, որ պահպանված չէ պարետի կողմից տրված ցուցումներն ու որոշումների պահանջները: Մասնավորապես՝ հիմք ընդունելով արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ կառավարության 16.03.2020թ.-ի №298-Ն որոշումը, պարետը ցուցում է տվել մի մի շարք գերատեսչությունների, միաժամանակ հաստատելով ուղեցույց, համաձայն որի՝
Նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) (այսուհետ՝ վարակ) տարածումը կանխելու և աշխատողների համար անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ ապահովելու նպատակով կազմակերպությունների աշխատողների համար աշխատանքի անվտանգ կազմակերպման նպատակով պետք է՝
1. Ապահովել պայմաններ՝ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման (լվացարաններ), չորացման համար: Աշխատավայրում ապահովել ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների, եռաշերտ դիմակների, ձեռնոցների առկայությունը:
2. Ապահովել դիմակների կրումն այն աշխատակիցների կողմից, ովքեր անմիջական շփումներ ունեն հաճախորդների հետ:
3. Ապահովել յուրաքանչյուր 10 աշխատողի հաշվարկով առնվազն մեկ ծորակի առկայություն: 4. Ապահովել փակվող աղբամաններ` օգտագործված դիմակները նետելու համար:
5. Յուրաքանչյուր աշխատակցի ջերմությունը չափել նվազագույնը օրական երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով), որից մեկը աշխատակցի աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում:
6. Սահմանել կանոններ և ընթացակարգեր` օրական առնվազն երկու անգամ սահմանված ժամերի ախտահանելու տարածքը՝ դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների վրայի բռնակները, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկեր, բանկերում և այլ կազմակերպություններում՝ հաճախորդների կամ տարբեր անձանց կողմից օգտագործվող գրիչներ և այլն), սանհանգույցները, ձեռքերի հպման համար նախատեսված մակերեսները:

Ժողովու՛րդ, համաճարակը չի հարցնելու, թե մարդը որտեղ է աշխատում: Ուստի վերը նշված ուղեցույցի պահանջները պետք է կատարվեն բոլոր կազմակերպությունների կողմից:
Ենթադրում եմ, որ այս շուկան նույնպես կազմակերպություն է, որն ունի որոշակի տարածք, աշխատակիցներ, ղեկավարություն և ակնհայտ է, որ այս շուկայում չեն պահպանվում վերը նշված ցուցումները, ինչը կարող է վտանգավոր լինել շատերի համար:
Հասկանալի է, որ պետք է ապահովվի շուկաների բնականոն գործունեությունը, բայց եթե արտակարգ դրություն է, և նման ցուցում է տրվել, ուրեմն կազմակերպությունները պարտավոր են կատարել նշված ցուցումները, իսկ պատկան մարմինները պարատվոր են ապահովել արտակարգ դրությունից բխող բոլոր որոշումների կատարումը:

Հ.Գ. Անգամ եթե այս կորոնավիրուսն էլ չլիներ, բոլոր շուկաներում պետք է ապահովել ու կազմակերպել քաղաքակիրթ առևտուր: Բավակա՛ն է գետնից ու փողոցից ուտելիք գնենք: Եկե՛ք դուրս գանք այս համազգային ԲԱԶԱՐԻ միջից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր