ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Չէր կարելի այսքան թեթևամտորեն մոտենալ այդ հարցին». Արտաշես Ազնաուրյան
23:55, 27.03.2020 | mamul.am
6744 | 3

«Կորոնավիրուսի դեմ պայքարում չէր կարելի պետականորեն այսքան անտարբեր լինել, պետք էր առանձնապես ուշադիր լինել նման վիրուսների դեմ պայքարում. Չինաստանի պես երկիրն անգամ այդքան լուրջ մոտեցավ այս հարցին, մենք առավել ևս պետք է նախապես պատրաստվեինք»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է ՀԽՍՀ առողջապահության վերջին նախարար, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արտաշես Ազնաուրյանը:

Նրա խոսքով՝ կանխարգելման հարցում ՀՀ-ն ուշացավ. «Ժամանակին Հայաստանում կար համաճարակաբանության ինստիտուտ, որում աշխատող բարձր որակի մասնագետների շնորհիվ մեր երկրում վերացվեց, օրինակ, մալարիա հիվանդությունը: Այսօր այդ ինստիտուտը չկա, եթե այն լիներ իր մասնագետներով, մեծ դեր կխաղար»,- ասել է բժիշկը:

Ըստ Ազնաուրյանի՝ մեր առողջապահական ռեսուրսները սակավ են, մեկ ինֆեկցիոն հիվանդանոցը Երևանում, այն էլ՝ վատ շենքային պայմաններով, բավարար չէ այս ծանրաբեռնվածությամբ աշխատելու համար. «Ինֆեկցիոն հիվանդությունները մշտապես պետք է ուշադրության կենտրոնում լինեն: Մեր շարքային բուժաշխատողներն այսօր մեծ աշխատանք են կատարում, նրանց սիրտն իսկապես ցավում է հիվանդների համար»,- նշել է նա:
Ազնաուրյանի խոսքով՝ առողջապահական բոլոր հիմնարկները պետք է մոբիլիզացվեն, բուժական համակազմը գործի ամբողջ ինտենսիվությամբ. «Պետք է ամեն ինչ արվի՝ համաճարակը կանխելու համար: Առաջիկա մի քանի շաբաթում մենք չենք հաղթահարի ճգնաժամը: Այս վիրուսը ծանոթ չէր մարդկությանը, պատվաստանյութ չկա, ոչ մի դեղորայք այն չի բուժում, և չէր կարելի այսքան թեթևամտորեն մոտենալ այդ հարցին: Պետք է գիշեր ու ցերեկ բոլոր բժշկական հաստատություններն աշխատեն, ինչպես պատերազմի ժամանակ: Պետք է առանձնահատուկ զարգացնել ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարն առհասարակ»,- նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Չէր կարելի այսքան թեթևամտորեն մոտենալ այդ հարցին». Արտաշես Ազնաուրյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր