ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Մի շարք ընկերություններ 60 և ավելի տարիք ունեցող աշխատակիցներին ստիպում են ներկայանալ աշխատանքի». Արման Բաբաջանյան
12:10, 28.03.2020 | mamul.am
4161 | 0

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոչ և խնդրանք գործարար համայնքին.

Այս օրերին մեր քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր եմ ստանում այն մասին, որ չնայած հայտարարված արտակարգ դրությանն ու տեղաշարժի սահմանափակումներին, մի շարք ընկերություններ, այդ թվում բանկային և ֆինանսական կազմակերպություններ իրենց մոտ աշխատող 60 և ավելի տարիք ունեցող աշխատակիցներին ստիպում են ներկայանալ աշխատանքի:

Ինձ ահազանգած քաղաքացիները ներկայացրել են նաև այդպիսի գործելաոճ ցուցաբերող կոնկրետ կազմակերպությունների և ընկերությունների անուններ, որոնք հրապարակելուց ես այս պահին ձեռնպահ կմնամ:

Այս մոտեցումը, սակայն խիստ մտահոգիչ է ու անթույլատրելի, քանի որ այդ տարիքային խմբի մեր քաղաքացիները գտնվում են կորոնավիրուսի վարակման տեսանկյունից ռիսկային խավում և նրանց ստիպելով ներկայանալ աշխատանքի՝ գործատուները մեծացնում են նրանց վարակման ռիսկը:

Բացի այդ, քաղաքացիներից շատերը տեղաշարժվում են հանրային տրանսպորտով, որի աշխատանքի ծավալները օբյեկտիվ պատճառներով զգալիորեն նվազել են:

Այսինքն՝ այդ մարդիկ մի կողմից վտանգում են իրենց առողջությունը, մյուս կողմից՝ մեծ դժվարությամբ ներկայանում են աշխատանքի, ինչը, կրկնում եմ, անթույլատրելի է և հեռու է սոցիալական պատասխանատվությունից:

Կոչ եմ անում մեր բոլոր ընկերություններին ու կազմակերպություններին հատկապես հոգատար վերաբերմունք ցուցաբերել իրենց՝ 60 և ավելի տարիքի աշխատակցիների նկատմամբ, նրանց համար կազմակերպել աշխատանքի հնարավորինս ճկուն գրաֆիկներ՝ նվազագույնի հասցնելով ֆիզիկապես աշխատանքի ներկայանալու անհրաժեշտությունը: Մեր քաղաքացիների առողջությունն ու կյանքը ամենակարևորն են այս օրերին: Որևէ տնտեսական նպատակ չի կարող արդարացնել նրանց առողջությունը վտանգի ենթարկելու ռիսկը: Կոչ եմ անում, խնդրում եմ գործարար համայնքի մեր բոլոր ներկայացուցիչներին առաջնորդվել մարդկանց առողջությունն ու կյանքը ամեն ինչից վեր դասելու սկզբունքով և չվտանգել իրենց աշխատակիցների առողջությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր