ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+24 °C
«Նման հատուկ միջոցառումներ մշակվել և կիրառվում են այս վարակի հետ առերեսված շատ երկրներում». Հովհ. Մանուկյան
17:05, 28.03.2020 | mamul.am
5753 | 0

«Կովկասյան գործընկերություն» կազմակերպության նախագահ, Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Թեման, իհարկե, տխուր է և մտահոգիչ, սակայն չափազանց կարևոր, և այդ պատճառով անհրաժեշտ է սրա մասին խոսել։ Իհարկե, հուսադրող է, որ մինչ այս պահը կորոնավիրուսով վարակված ընդամենը մեկ անձի մահ ունենք արձանագրված, սակայն նույնիսկ եզակի դեպքերի առկայության պարագայում անհրաժեշտ է ունենալ մահացածի նկատմամբ բժշկական ներգործության, դիակի պահպանության և հուղարկավորության առանձնահատկությունները սահմանող հստակ պրոտոկոլ՝ նվազագույնի հասցնելու համար կորոնավիրուսից մահացածների միջոցով վարակի հետագա տարածումը։ Անհրաժեշտ է հասկանալ, թե առողջապահության նախարարությունն ունի՞ արդյոք մշակված կանոնակարգումների նախագիծ, և եթե ունի, ապա ինչպիսին են դրանք և երբ են հասանելի դառնալու հանրությանը։
Նման հատուկ միջոցառումներ մշակվել են և կիրառվում են այս վարակի հետ առերեսված շատ երկրներում, որտեղ մահեր են արձանագրվել։ Մասնավորապես՝ Իտալիայում հանգուցյալները սգո սրահներ են տեղափոխվում փակ դագաղներով, հարազատներն իրավունք չունեն դրանք բացել, սահմանափակված է կոնտակտը դիակի հետ, իսկ թաղման արարողությանը արգելված է երկուսից ավել մարդու ներկայությունը։
Այս առումով հետաքրքիր կարող է լինել Վրաստանի օրինակը, որտեղ այս կանոնակարգումները մտցված են արդեն։ Մասնավորապես՝ նախատեսված է.
• Կորոնավիրուսի ախտորոշմամբ հանգուցյալին տեղավորել դիերի համար նախատեսված պարկում, դրսից փակցնել վարակի միջազգային խորհրդանիշը,
• Կատարել պարկի ու դիակի ախտահանում,
• Դին հիվանդանոցից տեղափոխել պարկով, որի բացելն արգելվում է հուղարկավորելու ցանկացած պահին,
• Հանգուցյալի հուղարկավորությունը պարտադիր պետք է կատարվի ժամանակին՝ ոչ ավել քան 72 ժամ, հանձնարարված է խուսափել բազմամարդ հոգեհանգստի արարողությունից,
• Կորոնավիրուսի հաստատվելու կամ կասկածի դեպքում բացառել դիակի զմռսումը, կամ այլ հավելյալ շփումը, այդ թվում դիահերձումն՝ առանց համապատասխան անհրաժեշտության»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր