ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Սկսել ենք ընդունել սարքեր մեր աշակերտների և ուսուցիչների համար». Արայիկ Հարությունյան
12:00, 29.03.2020 | mamul.am
6461 | 0

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ վերնագրելով. «Սկսել ենք ընդունել սարքեր մեր աշակերտների և ուսուցիչների համար»:

Ավելի վաղ նախարարը հայտնել էր. «Հեռավար կրթության կազմակերպման այս պահի ամենամեծ խնդիրներից մեկը աշակերտների և ուսուցիչների շուրջ 10 տոկոսի շրջանում սարքերի բացակայությունն է: Ներկայիս դրությամբ խոսքն առնվազն 21000 սարքի պակասի մասին է (համակարգիչներ, պլանշետներ, խելախոսներ` սմարթֆոններ):

Ինչպես արդեն հայտարարել եմ, սույն հարցով դիմել ենք և դիմում ենք շատ կազմակերպությունների և անհատների, ու արդեն ունենք արդյունքներ: Նվիրաբերված բոլոր համակարգիչները կամրագրվեն համակարգչի կարիք ունեցող ուսուցչի կամ աշակերտի դպրոցի հաշվեկշռում: Արտակարգ դրության ավարտից հետո դրանք ենթակա կլինեն վերադարձի դպրոցներ և օգտագործման դասապրոցեսում աշակերտների կողմից:

Սկսած կիրակի՝ մարտի 29-ից ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն (10:00-15:00՝ կազմակերպությունների համար, 15:00-18:00՝ անհատների համար) Երևանի Հանրապետության փողոց 73 հասցեում՝ Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի տարածքում կբացվի ընդունման կետ: Ընդունման կետը կգործի նաև հաջորդ օրերին (տեղեկությունների համար գործում է 091-20-29-60 հեռախոսահամարը): Կարևոր է, որ ընդունման կետ գալիս արտակարգ դրության ժամանակահատվածում տեղաշարժման թերթիկի «այցելության նպատակ» բաժնում նշեք «սարքի նվիրաբերում»:

Շատ կարևոր է նաև, որ սարքերը համապատասխանեն այս հղմամբ` https://bit.ly/2wGE4V4 նշված նվազագույն չափանիշներին, որպեսզի հասցեատիրոջը փոխանցելուց հետո չհայտնաբերվեն անսարքություններ և անհամապատասխանություններ կիրառվող ծրագրերի հետ: Այդ պատճառով ընդունման կետում էլ մեր մասնագետները կուսումնասիրեն սարքի պարամետրերը:

Մենք տեսնում ենք ուսուցիչների ու աշակերտների ոգևորությունը և պետք է աջակցենք կրթական համակարգին՝ այս սահմանափակումները որպես հնարավորություն օգտագործելու և ժամանակակից տեխնոլոգիաները կրթական համակարգ բերելու համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր