ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Կառավարությունը նպաստ կտրամադրի մինչև 18 տարեկան երեխա ունեցող չգրանցված աշխատողներին
12:10, 02.04.2020 | mamul.am
38089 | 3

Կառավարությունն ապրիլի 2-ի նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառումը: Այն ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Ըստ այդմ՝ աջակցության շահառու են բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա և առկա են հետևյալ հանգամանքներից որևէ մեկը.

- երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում.
- երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և նրանցից մեկը չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում.

- երեխայի ընտանիքը 2020թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված չի եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովության միավորը ցածր է 28.01-ից.

- երեխայի միայնակ ծնողը չի ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում.

- երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020թ. մարտի 31-ի դրությամբ չի հանդիսացել անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել:
Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 ՀՀ դրամ գումարի չափով:

Ըստ ծրագրի՝ ընտանիքը կարող է հանդիսանալ շահառու, եթե մինչև 18 տարեկան երեխաները (կամ միակ երեխան) և նրա ծնողները (կամ միայնակ ծնողը) մշտապես բնակվում են Հայաստանում և 2020թ. մարտի 12-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում առնվազն մեկ ծնողը և երեխաները գնտվել են Հայաստանում:
Ընտանիքը չի կարող հանդիսանալ շահառու, եթե երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ունեցել է գրանցված հիմնական կամ ժամանակավոր աշխատանք և այդ ժամանակահատվածում ծնողների միջին ամսական աշխատավարձի հանրագումարի, կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 ՀՀ դրամը:
«Ըստ էության՝ այս ծրագրի իրական շահառուն երեխաներն են: Յուրաքանչյուր երեխայի կտրվի նպաստ»,- ասաց վարչապետը:
Կառավարությունը դիմումները կընդունի ապրիլի 9-ից հետո:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր