Ամերիկյան Foreign Policy ամսագիրն իր հոդվածում անդրադարձել է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի Վրաստանի «անսպասելի հաջողված» փորձին: «Թայվանի, Կանադայի, Հարավային Կորեայի, Վրաստանի և Իսլանդայի եղած օրինակները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի համաճարակը կարող է կանգնեցվել»,- նշում է հոդվածում: Վրաստանում հիվանդության դեմ հաջողությունը, ըստ հեղինակների, բացատրվում է կորոնավիրուսի վաղ արձագանքման հետ: «Չնայած փոքր չափերին և տնտեսական ծանր իրավիճակին, փետրվարի վերջին Վրաստանն սկսեց լուրջ միջոցներ ձեռնարկել՝ ներառյալ դպրոցների փակումը և լայնածավալ ախտորոշման թեստերի անցկացումը: Մինչ այժմ Վրաստանը կորոնավիրուսից ոչ մի մահ չի գրանցել: «Կարծում եմ՝ այն փաստը, որ ի սկզբանե կառավարությունը լուրջ ընդունեց, օգնեց մեզ»,- նշել է վրացի լրագրող Նատալյա Անթելավան: Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան խոսել է կորոնավիրուսի հետ կապված իրենց պետության կողմից արված քայլերի մասին. «Մենք ուղղակի լսեցինք առողջապահության ոլորտի պրոֆեսիոնալներին ամենաառաջին փուլում, լսեցինք Առողջապահության նախարարությանը, նախարարին, հիվանդությունների դեմ պայքարի կենտրոններին: Մենք հասկացանք, որ ամենաարդյունավետ մեթոդը տեղաշարժի սահմանափակումն ու սոցիալական հեռավորության պահպանումն է: Այդ իսկ պատճառով մենք առաջին պետություններից մեկն էինք, որ սահմանափակեց չվերթները նախ Չինաստանի, ապա` Իրանի և Իտալիայի հետ, մենք առաջին պետություններից մեկն էինք, որ դադարեցրեց կրթությունը դպրոցներում, և մենք առաջին պետություններից մեկն էինք, որ ջերմաչափ սարքեր տեղադրեց սահմաններին, ոչ միայն օդանավակայաններում, այլ նաև ցամաքային սահմաններին»,- ասել է Գախարիան։ |