ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Փաշինյանի կորած «կախարդական փայտիկին» ու կորոնավիրուսին պարտված «պինցետին» միացավ ևս մեկ գործիք». Շարմազանով
10:25, 07.04.2020 | mamul.am
8348 | 2

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանի կորած «կախարդական փայտիկին» ու կորոնավիրուսին պարտված «պինցետին» այսօր միացավ ևս մեկ գործիք։

Աշխարհը շարունակում է կորոնավիրուսի դեմ պատերազմը, Հայաստանում հայտնաբերված հիվանդների թիվը շուտով կհատի 1000-ը, ունենք 8 մահ, իսկ ՀՀ ապիկար իշխանությունը, հավատարիմ մնալով «կորոնավիրուսն ում շունն է» տգիտությանը, փորձում է հանրությանը շեղել առկա սպառնալիքներից: Այն ժամանակ, երբ ողջ մարդկությունը ցնցվում էր կորոնավիրուսի փոթորիկից, Փաշինյան Նիկոլը հանրահավաքներ էր կազմակերպում, ասելով, թե պինցետով հատիկ-հատիկ կքաշի ու տնական օղիով կախտահանի կորոնավիրուսը։ Փաշինյանի կորած կախարդական փայտիկի ճակատագրին արժանացավ նաև կորոնավիրուսի դեմ պայքարի ելած պինցետը։ Այսօր արդեն շեֆի լայվային շոուներին կցվել է շուրջ մեկ տարի պետական բյուջեն մսխող, անգործության մատնված այսպես կոչված Ապրիլյան դեպքերի ԱԺ քննիչ հանձնաժողովը։ Փաշինյանի ռեժիմը, «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմի բացահայտումներից հետո հայտնվել է մեղմ ասած՝ անհարմար վիճակում։

Ֆիլմում ի հայտ եկած փաստերը հայ ժողովրդի անվիճելի հաղթանակի մասին սառը ցնցուղ են բոլոր նրանց համար, ովքեր փորձում էին տիրաժավորել հակապետական միֆեր, թե 2016-ի Ապրիլյան պատերազմը մեր ժողովրդի պարտությունն էր։

Փորձելով քողարկել այս փուլում իր ձախողումը՝ գործող ռեժիմը հայտարարել է Արցախի հերոս, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին վերոնշյալ հանձնաժողով հրավիրելու ժամկետների մասին։

Բազմիցս նշվել է, որ նախագահ Սարգսյանն իր ժողովրդից թաքցնելու բան չունի։ Ասվել է նաև, որ հանձնաժողովը պարտավոր է հրավիրել Փաշինյանին, ով 2016-ին ԱԺ բարձր ամբիոնից հայտարարում էր, թե Ապրիլյան պատերազմը պայմանավորված է Ռուսաստանի հետ։ Ավելին՝ Փաշինյանը վերջերս նշեց, որ ինքն այդ հարցը քննարկել է ՌԴ քաղաքական ղեկավարության հետ։

Հարց է առաջանում՝ որտեղի՞ց Փաշինյանին փաստերն այն մասին, թե քառօրյա պատերազմը իբր ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ համաձայնեցված է եղել։

Ի՞նչ են Փաշինյանին այս առնչությամբ պատասխանել Մոսկվայում։ Արդյոք ռուսներն ընդունե՞լ են Փաշինյանի մեղադրանքները, թե՞ ինքը՝ Փաշինյանն է ընդունել իր սխալը։

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները վարչապետը պարտավոր է տալ հանրությանը։

Իսկ ինչո՞ւ է հանձնաժողովն այս մասով անգործություն ցուցաբերում, թե՞ իրականում նպատակը համաճարակի ժամանակ շոու բեմադրելն է՝ փորձելով շեղել մարդկանց ուշադրությունը ներկա մարտահրավերներից։

Միևնույն է, շոուն ժամանակավոր է։ Մնայունը մեր հաղթանակներն ու հերոսներն են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր