ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Բա էլ որտեղի՞ց բավականացնի թոշակների, աշխատավարձերի ու այլ ծախսերի համար». Արփինե Հովհաննիսյան
15:15, 07.04.2020 | mamul.am
11179 | 7

ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում բյուջե վերականգնված գումարները չեն հերիքել պարգևատրումների համար

Եթե ՀՀ շարքային քաղաքացուն հարցնեն` որն է այս իշխանության գործունեության ուղղությունը, որը իրենք դրական են գնահատում, ապա անկասկած մեծամասնությունը կնշեն կոռուպցիայի դեմ պայքարը, այն էլ աննահանջ ու աննկուն: Չկա որևէ ելույթ կամ հրապարակային խոսք (երեկվա բազմաժանր լայվը ևս), որտեղ երկրի վարչապետն այդ մասին չխոսի` ընդ որում՝ պարտադիր վիրավորական արտահայտություններ օգտագործելով: Չկա ԱԺ որևէ պատգամավոր, որը անհարմար հարցերից խուսափելու համար, կամ չիմացած հարցի պատասխանի փոխարեն չսկսի խոսել կոռուպցիայի դեմ պայքարում իրենց արձանագրած հաղթանակներից: Ու ինչքան «որակյալ» է «ազգընտիրը» («նիկոլընտիրը») այնքան ավելի գռեհիկ, մակերեսային ու վուլգար է նրա` կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ խոսքը:

Ընդ որում, կարևոր է նաև այն, որ կոռուպցիայի դեմ պայքարը համարվում է ժողովրդի բարեկեցությունը լավացնելու կենտրոնական միջոցներից մեկը: Ասում են` «թալանածը» բերում են հետ ու բաժանում ժողովրդին: Եկեք տեսնենք:

Առաջարկում եմ ծանոթանալ կոռուպցիայի դեմ պայքարի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ու ԹՎԱՅԻՆ տարբերակին:

ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացրել է 2018 և 2019 թվականների հանցագործությունների քննության վերաբերյալ տարեկան հաղորդումը և տեղեկատվությունը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ: Գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի հրապարակում է երկու տեղեկանք` մեկը նվիրված բոլոր տեսակի հանցագործությունների քննության արդյունքներին, մյուսը՝ միայն կոռուպցիոն հանցագործություններին, այսինքն` վարչապետի սիրելի տերմինաբանությամբ թալանչիների ու կոռուպցիոներների վերաբերյալ միշտ հրապարակվում են առանձին տեղեկություններ: Տեղեկանքների համադրության արդյունքում ստանում ենք հետևյալ պատկերը`

2019 թվականի ընթացքում ԿՈՌՈՒՊՑԻՈՆ բնույթի քրեական գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է 1.003.689.227 ՀՀ դրամ, այսինքն` մոտ մեկ մլրդ դրամ:
Այսինքն` վերականգնվել է ճիշտ այնքան, որքան ըստ վարչապետի երեկվա լայվի ու իր քարոզիչների ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ՄԻԱՅՆ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ: Այսինքն` մի ամբողջ տարի ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, ՊԵԿ և կոռուպցիայի դեմ պայքարող այլ մարմինները քափ-քրտինքով կոռուպցիոն հանցագործություններով վերականգնել են 1 մլրդ դրամ և, պարզվում է` հենց այդքան էլ կազմում է ՄԻԱՅՆ բարձրաստիճան պաշտոնյանների պարգևատրման ֆոնդը:

Նույն 2019 թվականի ընթացքում ԲՈԼՈՐ տեսակի հանցագործություններով պետությանը կամ համայնքներին պատճառված վնասից վերականգնվել է 12.4 միլիարդ դրամ:
Միայն 2019 թվականի ԲՈԼՈՐ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ գումարը, ըստ պաշտոնական աղբյուրների՝ 21,5 ( ՔՍԱՆՄԵԿ) մլրդ է: Բա էլ որտեղի՞ց բավականացնի թոշակների, աշխատավարձերի ու այլ ծախսերի համար։

Ի դեպ`

2018 թվականի ընթացքում ԿՈՌՈՒՊՑԻՈՆ բնույթի քրեական գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է 3.938. 873.757 ՀՀ դրամ, այսինքն՝ մոտ 4 մլրդ դրամ, իսկ ընդհանուրը՝ 28 մլրդ:
Այսինքն՝ ըստ դատախազություն հրապարակումների 2018-2019 թվականներին ԿՈՌՈՒՊՑԻՈՆ հանցագործություններով վերականգնված գումարը (այսինքն՝ տոտալ իրավական վակխանալիայի պայմաններում վերականգնվածը) կազմում է մոտ 5 (ՀԻՆԳ) մլրդ դրամ:

Այս թվերը այն բանի վկայությունն են, որ երիցս ճիշտ է վարչապետ Փաշինյանը: էլ որտե՞ղ գտնես այնպիսի «որակյալ» խորհրդարան, որի երկնած մտքերից կազմվի մտքի այսպիսի գոհար՝ «կոռուպցայի դեմ պայքարը մի բան է, որի այլընտրանքը պարգևավճարներն են»:

Հ.Գ. Հետաքրքիր է, մեր հարգարժան իշխանությունը ինչպե՞ս է պարգևավճար բաժանելու այն դեպքերում, երբ մարդկանցից գույք, այլ ոչ թե գումար վերցնի:
Հ.Գ. Այս թվերի մեջ արտացոլված չեն տարբեր կաբինետներում ձեռքբերված պայմանավորվածությունների ու «նվերների» արդյունքում տրված գումարները։ Դրանք բյուջեի ոչ եկամտային ոչ էլ ծախսային մասում չեն երևում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր