16 ժամ տևած բանակցություններից հետո Եվրոխմբին չի հաջողվել տնտեսության վերականգնման ծրագրի շուրջ համաձայնության գալ, հաղորդում է ТАСС-ը: Այս մասին հայտարարել է խմբի ղեկավար Մարիու Սենտենուն: «16 ժամ տևած բանակցություններից հետո մենք չկարողացանք համաձայնության գալ: Մինչև հինգշաբթի դադարեցվել է նիստի անցկացումը»,- գրել է Սենտենուն՝ Twitter միկրոբլոգի իր էջում: Նախօրեին Սենտենուն համաժողովից առաջ տեսաուղերձ էր տարածել, որում խոստացել էր, որ կընդունեն 540 մլրդ եվրոյի չափով տնտեսության վերականգնման ծրագիրը, որպեսզի աջակցեն երկրների տնտեսություններին կորոնավիրուսի համաճարակի պայմաններում: Այս ծրագիրը պետք է համատեղի ԵՄ տարբեր հաստատությունների կողմից նախկինում առաջարկված միջոցներն ու սխեմաները` տնտեսության տարբեր ոլորտներին օժանդակության տրամադրման վերաբերյալ։ Եվրոպական հանձնաժողովը 100 միլիարդ եվրո կհատկացնի աշխատատեղերի պահպանման ֆինանսավորմանը: Եվրոպական ներդրումային բանկը 200 միլիարդ եվրո ծրագրով աջակցելու է բիզնեսին, հատկապես փոքր և միջին ձեռնարկություններին: Երրորդ՝ եվրոպական կայունացման մեխանիզմի միջոցով առավել խոցելի պետություններին աջակցելու ծրագիրը նախատեսում է մինչև 240 միլիարդ եվրո օգնություն: |