ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեն հայտարարություն է տարածել. «Ի գիտություն ընդունելով Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրությունը ս. թ. մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքների վերաբերյալ և վերլուծելով ընտրական գործընթացին առնչվող տվյալներն ու տեղեկությունները, արձանագրում ենք. Ընտրությունները տեղի ունեցան օրենքով սահմանված կարգով, ժամկետներում, մրցակցային, բայց անհավասար պայմաններում, սակայն ընտրություններին նախորդած զարգացումները և քվեարկության ընթացքը համադրելի են 2005 թ.-ին տեղի ունեցած ընտրախախտումների և արատավոր երևույթների հետ: Քարոզարշավի ընթացքում անդրադարձել ենք հասարակությանը հուզող հիմնախնդիրներին և ներկայացրել դրանց լուծման մեր պատկերացումները, տուրք չտալով ամբոխավարությանը: Սակայն այս կամ այն պատճառով, ցավոք, մեր խոսքը լայնորեն չընկալվեց և խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեր կուսակցությունը ԱՀ Ազգային Ժողովում ներկայացված կլինի երեք պատգամավորներով: Մեր դիրքորոշումների հաստատուն հենքը՝ երկրի անվտանգությանը, կայուն զարգացմանը, անհրաժեշտ բարեփոխումներին, տնտեսական զարգացմանը, սոցիալական արդարությանը եւ օրենքի գերակայության ապահովմանը միտված աշխատանքներն են: Շնորհակալություն ենք հայտնում ազատ ու գիտակցված ընտրություն կատարած մեր բազմահազար հայրենակիցներին և այդ թվում՝ Հ.Յ. Դաշնակցության շուրջ համախմբված ընտրապայքարի բոլոր մասնակիցներին: Ապրիլի 14-ին նախատեսված ԱՀ նախագահական ընտրությունների երկրորդ փուլին կմասնակցեն առավելագույն քվե ստացած երկու թեկնածուները: Մեկնելով մեր նախընտրական ծրագրի հիմնադրույթներից և առկա քաղաքական զարգացումներից՝ Հ.Յ. Դաշնակցությունը չի աջակցի նախագահի թեկնածուներից որևէ մեկին: Անկախ քաղաքական հայացքներից, մեզ բոլորիս միավորում է հայրենիքի բարօրությունն ու զարգացումն առաջ տանելու վճռականությունը»: |