ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Որտեղի՞ց բուսնեց պատգամավորների ստացած այդ 150,000 դրամը. սա հին պատմություն է». Մարիա Կարապետյան
21:35, 09.04.2020 | mamul.am
5796 | 2

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն ամսվա սկզբին իմ բանկային հաշվին նստում է մոտ 500,000 դրամ աշխատավարձ։ Դրանից մի երկու օր անց իմ հաշվին նստում է մոտ 150,000 դրամ հանրահռչակ «պարգևատրումը»։ Ամսվա առաջին օրերին իմ հաշվին նստում է նաև օրենքով նախատեսված 50,000 դրամ, որը «պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի», օրինակ հավելյալ գրենական պիտույքների կամ մարզային այցելությունների համար է։ Ընդհանուր առմամբ 700,000 դրամ (իմիջայլոց, սա համադրելի է նրա հետ, ինչ ես ամսական վաստակել եմ 2008 թվականից ի վեր՝ ակադեմիական և քաղաքացիական հասարակության ոլորտում աշխատելով):

Որտեղի՞ց է առաջացել 500,000 դրամը։ Այն առաջացել է այսպես կոչված «բազային աշխատավարձի» և այսպես կոչված «պատգամավորի գործակցի» բազմապատկումից։ «Բազային աշխատավարձը» կապ ունի «նվազագույն աշխատավարձի» հետ։ Նվազագույն աշխատավարձը մենք անցած տարի բարձրացրեցինք 55,000-ից 68,000-ի: Նվազագույն աշխատավարձը երկրում թույլատրելի ամենափոքր աշխատավարձն է թե՛ պետական, թե՛ մասնավոր սեկտորի մեկ դրույքի համար։

Բազային աշխատավարձը, որը նվազագույն աշխատավարձի 70%-ից ցածր չի կարող լինել, այս տարի 66,140 է և այն պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի որոշման հիմքն է։ Պատգամավորի գործակիցը ըստ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 10 է։ Հետևաբար 66,140 անգամ 10, հանած հարկեր, հավասար է մոտ 500,000:

Իսկ որտեղի՞ց բուսնեց 150,000-ը։ Սա հին պատմություն է, և ես այն այսպես եմ հասկանում։

Հին Հայաստանում մի օր պարզ է դարձել, որ x գումարով այլևս նախարարի կամ այլ բարձր պաշտոնի համար մասնագիտական բարձր որակների տեր մարդ չես գտնի։ Նորմալ համակարգում պետք է բարձրացվեր «բազային աշխատավարձը», որը իր հերթին բազմապատկվելով տարբեր գործակիցների հետ՝ կբարձրացներ Նախարարության առաջին կարգի մասնագետից (ում գործակիցը 2.5 է) մինչև Հանրապետության նախագահի (ում գործակիցը 20 է) աշխատավարձը։ Սակայն ինչո՞ւ այդպես անել, եթե կարելի է մոգոնել «արտաբյուջետային ֆոնդեր», որտեղ կուտակվում էին միջոցներ, որոնք բյուջեի մեջ չէին արտացոլվում (օրինակ Պետական եկամուտների կոմիտեն ուներ հսկայական «արտաբյուջետային ֆոնդ», որովհետև օրինակ հարկային կամ մաքսային ստուգումների ժամանակ գանձված տուգանքները չէին գնում բյուջե, այլ մտնում էին այդ ֆոնդ)։ Այս «արտաբյուջետային ֆոնդեր» լայն հայեցողությամբ բաժանվում էին տարբեր մակարդակներում տարբեր մարդկանց տարբեր չափով։ Որոշ մարմիններում այս ամենին գումարվում էին նաև տխրահռչակ «ծրարով գումարները»։

Այս թնջուկը մասամբ լուծելու համար մենք 2018 և 2019 թվականներին փակեցինք գրեթե բոլոր «արտաբյուջետային ֆոնդերը» և դրանք մտցրեցինք բյուջե, ինչպես նաև բյուջեի մեջ պարգևատրման տող սահմանեցինք, որը կազմում է յուրաքանչյուր մարմնի համար աշխատավարձի ֆոնդի 30%-ը։

Ազգային ժողովում այս «պարգևատրման ֆոնդը» բաշխվում է բոլոր պատգամավորների և Ազգային ժողովի աշխատակիցների վրա իրենց աշխատավարձերին համաչափ՝ նմանեցնելով այս վճարները իրենց բուն նպատակին՝ աշխատավարձին։ Արդյո՞ք սա վերջնական լուծում է։ Կարծում եմ՝ ոչ։

Գուցե հարկավոր է մեծացնել բազային աշխատավարձը կամ գործակիցները՝ այս վճարները իսկապես իրենց ճշմարիտ անունով կոչելու համար։ Սակայն քանի որ այս ամենը խարսխված է նաև նվազագույն աշխատավարձի վրա, ապա իսկապես պետք է գտնել այնպիսի մի լուծում, որը ընդունելի է սոցիալական, իրավական, քաղաքական, էթիկական, բարոյական և մնացած բոլոր առումներով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր