ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Քաշաթաղի ինքնամեկուսացված համայնքները առաջիկայում կապահովվեն անհրաժեշտ պարենամթերքով
22:00, 09.04.2020 | mamul.am
4040 | 0

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է. «Արցախում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովից տեղեկացնում են, որ Քաշաթաղի ինքնամեկուսացված Միրիկ, Մոշաթաղ, Ծիծեռնավանք համայնքները առաջիկայում կապահովվեն անհրաժեշտ պարենամթերքով:

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը Միրիկ համայնքին արդեն տրամադրել է 15 օրվա պարենամթերք, իսկ մյուս համայնքներին կհատկացվի առաջիկա օրերին:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը վերոնշյալ համայնքներում իրականացնում է մեքենաների ախտահանման աշխատանքներ, իսկ ԱՆ «Համաճարակաբնության և հիգիենայի կենտրոն»-ը լրացուցիչ ճշտում են վարակակիրների հետ շփման մեջ գտնվող բոլոր խմբերը, ախտահանիչ աշխատանքներ իրականացնում տեղի բնակիչների առանձնատներում, հասարակական օբյեկտներում, ինչպես նաև՝ տրամադրում հիգիենայի պարագաներ:

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ թեստավորված երկու քաղաքացիների առողջական վիճակը նորմալ է, վարակին բնորոշ ախտանիշներ չունեն:
Այս պահին առողջապահական բուժհաստատություններում (Քաշաթաղի բուժմիավորում) մեկուսացված 4 քաղաքացիներ կան՝ կորոնավիրուսի հաստատված դեպքով քաղաքացին՝ առաջին վարակակրի հարսը, նրա երկու երեխաները, ամուսնու հայրը: Նրանց առողջական վիճակը գնահատվում է նորմալ, վարակին բնորոշ ախտանիշներ չունեն:

Իսկ կորոնավիրուսի դեպքով հաստատված երրորդ քաղաքացին, ով ՀՀ քաղաքացի է՝ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն: Վերջինս Արցախի որևէ բնակավայրում կանգ չի առել, շփման շրջանակը հիմնականում ՀՀ-ից է, իսկ անցակետում նրա հետ առնչված բուժաշխատողները եղել են պաշտպանիչ պարագաներով: Նրա ինքնամեկուսացումն իրականացվել է բուժաշխատողների կողմից, որոնք եղել են համապատասխան պաշտպանիչ արտահագուստով: Քաղաքացին եղել է առանձին՝ ինքնամեկուսացման համար նախատեսված վայրում և ապահովված եղել անհրաժեշտ պարենամթերքով և հիգիենայի պարագաներով:

Առողջապահության նախարարությունը ինքնամեկուսացված համայնքներում իրականացնում է շուրջօրյա բուժծառայություն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր