ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Ո՞րը պետք է լինի Ապրիլի 24-ից մեր հետևությունը»․ վարչապետ
09:55, 24.04.2020 | mamul.am
12222 | 1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Փաշինյանը Ծիծեռնակաբերդից հանդես եկավ համայն հայության ուղղված ուղերձով․ «Այսօր մեր ժողովրդի զավակներն աշխարհի բոլոր անկյուններում ոգեկոչում են Հայոց եղեռնի անմեղ զոհերին։ Ինչո՞ւ մեկ դար անց չեն մարում մեր զգացմունքները, իսկ մեր սրտերում է՛լ ավել վառ է այրվում հիշատակի ճրագը, որովհետև անցել է մեկ դարից ավելի, սակայն չեն վերացված Ցեղասպանության հետևանքները։ Առ այսօր Թուրքիան որևէ զղջում չի հայտնել, ներողություն չի հայցել, դա է պատճառը, որ այսօր հայտարարում ենք՝ «Հիշում ենք ու պահանջում»։ Ընդ որում Ցեղասպանության ճանաչումը համարում ենք ոչ միայն ազգային, այլև համամարդկային օրակարգի հարց։ Ո՞րը պետք է լինի Ապրիլի 24-ից մեր հետևությունը․ առաջին՝ 1915-ին երիտթուրքերի կառավարության կողմից հայ ժողովրդի նկատմամբ մահվան դատավճիռ է կայացվել և բոլոր ուժերը նետվել են այն ի կատար ածելուն․ 1,5 մլն հայի նկատմամբ այն ի կատար է ածվել, բայց հայ ժողվորդի նկատմամբ ի կատար ածել չի հաջողվել։ 1,5 մլն մեր սրբադասված նահատակները, ըստ այդմ, ավելի են ուժեղացրել ապրելու, արարելու, հզորանալու, հիշելու և պահանջելու մեր կամքը: Երկրորդ՝ նախորդ դարասկզբին մեր ժողովրդին նետված մարտահրավերներն այսօր էլ կան ու դրանցից ոչ թե մազապուրծ լինելու, այլ դիմակայելու միակ միջոցն ու գործիքն ուժեղ պետականությունն է։

Մենք պետք է ջանք չխնայենք տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու բոլոր տարաձայնություններն ու հակամարտությունները փոխադարձ հարգանքի հիման վրա, բանակցային գործընթացներով, խաղաղ միջոցներով լուծելու համար: Իսկ այսպիսի արդյունքի հասնելու իրական հնարավորություն կարող է ստեղծել միայն ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ և ինքնիշխան պետությունը:

Մենք չպետք է ջանք խնայենք, որ մեր դաշնակիցների հետ մեր հարաբերությունները խորանան, դառնան ավելի ինստիտուցիոնալ և հուսալի, բայց այսպիսի արդյունքի հասնելու հնարավորություն կարող է ստեղծել միայն ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ և ինքնիշխան պետությունը: Այդպիսի պետություն ունենալու համար մեզ հարկավոր է ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող կրթական համակարգ, դինամիկ զարգացող բարձր տեխնոլոգիական տնտեսություն, ռազմաարդյունաբերական կայացած համալիր, հզոր բանակ և հատուկ ծառայություններ: Այսպիսի արդյունքի հասնելու համար հարկավոր է համահայկական ամբողջ ներուժի համախմբումը:

Այս խնդիրը լուծելու համար մենք պետք է կարողանանք ձևակերպել մեր ազգային հայեցակարգը, գաղափարախոսությունը, տեսլականը, որը համազգային համաձայնություն կձևավորի մեր ազգային արժեքների, նպատակների և ռազմավարության շուրջ, որը մեր ինքնությունը պաշտպանելու, պահպանելու, զարգացնելու, ժամանակակից աշխարհի և առավել ևս վաղվա աշխարհի պայմաններում էլ ավելի կենսունակ ու մրցունակ դարձնելու երաշխիքներ կստեղծի: Առաջիկայում հենց այսպիսի հայեցակարգի և ռազմավարության նախագիծ կներկայացնեմ համահայկական քննարկման»,- հայտարարեց ՀՀ վարչապետը։

Նա ևս մեկ անգամ հիշեցրեց՝ այս տարի Ապրիլի 24-ը դիմավորում ենք բացառիկ պայմաններում․ կորոնավիրուսի համավարակը մեզ դրել է մի իրավիճակում, երբ 55 տարի շարունակ տեղի ունեցող ապրիլքսանչորսյան երթն այս տարի չի անցկացվի՝ համաճարակային ստեղծված իրավիճակը չվատթարացնելու համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր