ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ
11:15, 24.04.2020 | mamul.am
14098 | 0

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ. «Այս տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը հայ ժողովրդի և ողջ մարդկության բարեկամների հետ միասին հանդիսավոր կերպով կոգեկոչի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության 1.5 մլն սուրբ նահատակների հիշատակին:

105 տարի առաջ հայ ժողովուրդը, չնայած տրված անվտանգության միջազգային երաշխիքներին և խոստումներին, միայնակ և անպաշտպան հայտնվեց այս ոճրագործության և խոցելի՝ ոճրագործների դաժան վայրագությունների առջև: Ցեղասպանության սարսափների միջով անցած հայ ժողովուրդը, ի հեճուկս բոլոր դժվարությունների, վերապրեց: Ցեղասպանությունը վերապրած ժողովուրդը ոչ միայն կարողացավ աշխարհի տարբեր անկյուններում պահպանել և զարգացնել իր ազգային ինքնությունը, այլև ուժ գտավ վերականգնելու և վերանվաճելու հայոց պետականությունը: Այդ ժամանակից ի վեր, իր պատմական հայրենիքում հայ ժողովրդի անվտանգության ապահովումը եղել և մնում է Հայաստանի Հանրապետության կարևորագույն առաքելությունը և պարտավորությունը:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար տասնամյակներ մղված պայքարը ցույց տվեց, որ ոչ մի ուժ ունակ չէ հաղթելու պատմական արդարությանը և ճշմարտությանը: Հայոց ցեղասպանության ճանաչման աշխարհագրության ընդլայնումը դրա լավագույն ապացույցն է: Հատկապես կարևոր է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող պետությունների շարքերը համալրեցին նրանք, ովքեր անգնահատելի ներդրում են ունեցել ցեղասպանության զոհերին փրկելու և իրենց երկրներում ապաստան տալու գործում:

Անցյալի ճանաչումը էական է ներկայի և ապագայի համար. այն զսպող ուժ է աշխարհի որևէ անկյունում նմանօրինակ ոճրագործության կամ ցեղասպանության կրկնության կանխարգելման համար:

Այսօր վերստին գլուխ խոնարհելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև՝ մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը պատմական արդարության վերականգնման և նոր ցեղասպանությունների կանխարգելման գործին»։

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր