ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Գալ իշխանության ու ազատվել այս իշխանություններից». որոնք են Վանեցյանի ծրագրերը
23:40, 22.05.2020 | mamul.am
9477 | 2

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը ծավալուն հարցազրույց է տվել «Հրապարակ» օրաթերթին։

-Պարոն Վանեցյան, ե՞րբ է տեղի ունենալու Ձեր կուսակցության համագումարը, ո՞վքեր են կուսակցության ղեկավար կազմում, և առաջիկայում ի՞նչ ծրագիր ունի կուսակցությունը, կա՞ն իշխանափոխության պլաններ, թե՞ այն դեռեւս ձևավորման փուլում է՝ նաև գաղափարական առումով։

-Համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով մեր պլանները մի քիչ շեղվեցին, չկարողացանք անցկացնել համագումար, և արդեն, որպես կուսակցություն, մեր դերակատարումն ունենալ հայաստանյան քաղաքական դաշտում։ Բայց, հաշվի առնելով տիրող իրավիճակը, այս սահմանափակումները, որոնք, կարծում եմ, երկար կտևեն, այս փուլում քննարկում ենք սովորականից տարբեր ձևով համագումար անցկացնելու տարբերակ։ Տարբերակները մի քանիսն են։ Առաջիկա 10-15 օրվա ընթացքում կհայտարարենք մեր համագումարի անցկացման ձևաչափը և կձևավորենք մեր քաղաքական կառույցը։ Ինչ վերաբերում է քաղաքական թիմին․ այս պահին ունենք 1700-ից ավելի դիմում՝ կուսակցությանն անդամագրվելու։ Իսկ ծրագիրը, արժեքային, գաղափարական սկզբունքները, քաղաքական թիմը կորոշվեն համագումարի ընթացքում։ Այս փուլում չեմ ցանկանում առանձնացնել ինչ-որ անձանց, բայց կարող եմ վստահ ասել, որ մեր թիմում ընդգրկվելու են բարձր մարդկային, մասնագիտական հատկանիշներ ունեցող մարդիկ, լինելու է լավ մարդկանց պրոֆեսիոնալ թիմ։

-Ո՞ր դաշտում եք գործելու։

-Մեր քաղաքական ուժը գործելու է ընդդիմադիր դաշտում, գործող իշխանություններին լինելու ենք հստակ ընդդիմություն և փորձելու ենք, մեր ծրագրերը ներկայացնելով, գալ իշխանության ու ազատվել այս իշխանություններից։

-Պարոն Վանեցյան, ի՞նչ ճանապարհով եք պատրաստվում իշխանության գալ, սպասելու եք հերթական ընտրությունների՞ն, թե՞ այլ միջոցներ գեներացնելով՝ հասնելու եք արտահերթ ընտրությունների։ Ձեր կուսակցության գաղափարախոսությունը ո՞րն է լինելու, կարգախոս ունե՞ք։

-Մեր կուսակցության գաղափարախոսությունը լինելու է ցենտրիզմը՝ աջ ուղղվածությամբ, որովհետև ես շատ եմ կարևորում ավանդական արժեքներն ու ավանդույթների պահպանումը, բայց դա չի նշանակում, որ մենք լինելու ենք կոնսերվատիվ դաշտում գործող կուսակցություն, մենք լինելու ենք կենտրոնում գործող կուսակցություն։

Ինչ վերաբերում է նրան՝ հերթական կամ արտահերթ ընտրությունների արդյունքում, թե այլ իրավիճակում կլինեն փոփոխությունները, ապա ես կարող եմ ասել մի բան, որ ես կողմնակից եմ միայն սահմանադրական կարգով իշխանափոխությանը, սահմանադրական կարգի ցանկացած խախտում, որը չի բխում մեր օրենքներից, ինձ համար անթույլատրելի է։ Սահմանադրական կարգով ամենատրամաբանական փոփոխությունը հերթական խորհրդարանական ընտրություններն են, արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, և 3-րդ տարբերակը՝ գործող Ազգային ժողովում քաղաքական ուժերի կողմից նախաձեռնվում է վարչապետի ու կառավարության փոփոխություն, և ընտրվում է նոր վարչապետ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր