ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Ինձ չեն ներում, որ եղել եմ Փաշինյանի փաստաբանը և հիմա ունեմ հակառակ դիրքորոշում». Տիգրան Աթանեսյան
12:00, 23.05.2020 | mamul.am
10745 | 4

Արդեն հայտնել էինք, որ երեկ հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան և ընտանիքի անդամների վրա:

Աթանեսյանը մանրամասներ է ներկայացրել միջադեպից. «Երկու օր է՝ իմ ընտանիքի հանդեպ ոտնձգություններ են տեղի ունենում: Քանաքեռի հին կինոթատրոնի տարածքում (ներկայումս ձայնագրման ստուդիա է) կա փոքրիկ հրապարակ, երեխաներս խաղացել են այդտեղ և այդ տարածքի տիրոջ որդին իմ երեխաներին ասել է, որ իրենք այդ տարածում չպետք է խաղան և անդրադարձել է իմ փաստաբան լինելու հանգամանքին: Դրանից հետո երեխայիս հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել՝ ամենավերջին, ստոր հայհոյանքներով, երեխաս պատասխանել է, այդ տղամարդիկ մոտեցել են ու փորձել խփել նրան: Կինս վազել է դուրս ու շուրջ 5-6 րոպե ամենավերջին, ստոր հայհոյանքները կնոջս հասցեին են թույլ տվել: Իմ տան, երեխեքի վրա հարձակումը չունի արդարացում, նույնիսկ եթե խնդիրն ինձ հետ է կապված»,- ներկայացրեց փաստաբանը:

Նրա խոսքով՝ երբ վերադարձել է տուն, տղամարդիկ հարձակվել են իր վրա. «Եթե չլինեին ոստիկանները, գուցե այսօր ճաղերի հետևում լինեի: Հետո պարզվեց՝ ովքեր են հարձակվողները»,- նշեց Աթանեսյանը:

Փաստաբանի խոսքով՝ տեղի ունեցածը կենցաղային բնույթի իրադարձություն չէ: «Մի քանի տարի առաջ, երբ Երևանի ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանը սնունդ էր բաժանում, դա եղել է հենց այդ հիմնարկում: Նրանք շատ սերտ կապեր ունեն ներկայիս իշխանավորների հետ: Օրինակ՝ դերասան Հովհաննես Ազոյանը պարբերաբար գիշերներն այդ հիմնարկում ինչ-որ անհասկանալի միջոցառումներ է կազմակերպում: Ես համոզված եմ՝ այն ինչը տեղի է ունեցել, ունի կազմակերպիչներ: Հաշվի առնելով այդ սերտ կապերը ներկայիս իշխանութունների հետ՝ համոզված եմ, որ այդտեղից էլ գալիս է, որովհետև ինչո՞ւ պետք է անընդհատ նշեին իմ փաստաբան լինելը: Այն կապված է իմ մասնագիտական գործունեության հետ այս փուլում, որ նոր իշխանության օրոք պաշտպանում եմ քաղաքական հետապնդման ենթարկվածներ մարդկանց: Կապված է նաև իմ հանրային դիրքորոշման հետ այս կառավարության վերաբերյալ: Իրենք ինձ չեն ներում, որ ես եղել եմ Փաշինյանի փաստաբանը և հիմա ունեմ ամբողջությամբ հակառակ դիրքորոշում իրենց վարած քաղաքականությանը»,- ասաց Աթանեսյանը:

Այժմ իրավապահ համակարգում գործի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում. «Պահանջելու եմ, որ այդ անձինք անպայման ենթարկվեն քրեական պաստախանատվության, շղթան էլ բացահայտվի»,- հայտարարեց Աթանեսյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր