Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.02, EUR 536.78, RUB 6.92, GBP 598.37
+17 °C, +17 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Հնարավոր է՝ ՀՀ-ի կոշտ արձագանքից հետո Ադրբեջանում տեղի ունեցավ սցենարի էական փոփոխություն». Կարեն Հովհաննիսյան
22:40, 23.05.2020

Քրդագետ, ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մայիսի կեսերին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը մայիսի 19-22-ն անցկացնելու է լայնածավալ զորավարժություններ, որին ընդգրկված են լինելու հիմնականում հարձակվողական բնույթի զորամիավորումները, մասնավորապես հրթիռահրետանային զորքերը, ՀՕՊ-ը։ Ադրբեջանը հայտարարեց նաև, որ զորավարժություններին ընդգրկված են ռազմաօդային ուժերը և ավելի քան 10 000 անձնակազմ։ Եթե նայենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունը զորավարժությունների անցկացման և ընդգրկվածության մասշտաբի մասին, այն իրականում բավականին մեծ զորավարժություն էր ենթադրում իրենից։ Ըստ զորավարժությունների սցենարի՝ Ադրբեջանը, ինչպես նաև Նախիջևանի կայազորը, զորքերը մայիսի 19-ի գիշերվանից սկսած պետք է դուրս բերեին մշտական տեղակայման վայրերից դեպի սահմանային հատվածներ տեղակայման համար, որտեղ էլ անցկացվելու էին մարտական կրակով հիմնական զորավարժությունները։
Հնարավոր բոլոր բաց աղբյուրներով, ինչպես նաև այլ մեթոդներով հետևել եմ այդ զորավարժություններին, որին Ադրբեջանի իշխանությունը հասցրել էր տալ «Քառօրյա զորավարժություն» անվանումը։
Պետք է փաստեմ, որ Ադրբեջանի հայտարարությունը և զորավարժության ծավալները չեն համապատասխանում միմյանց։ Նախ սկսեմ նրանից, որ զորքերի դուրս բերումը մշտական տեղակայման վայրերից տևել է ոչ թե մեկ օր, այլ՝ երկու օր, և նրանք երկու օր միայն զբաղված էին զինտեխնիկայի դուրս բերման գործով։ Այնուհետև զորքերի տեղակայումը տևել է մեկ օր։ Ըստ սցենարի՝ տեղակայումից հետո պետք է սկսվեր բուն զորավարժությունը՝ թիրախի հայտնաբերում և ոչնչացում, հակառակորդի թիկունքում դիվերսիոն գործողությունների իրականացում, որից հետո հրթիռահրետանային զորքերի միջոցով հակառակորդի խորքային ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների խոցում և այլն։ Որպեսզի ավելի պարզ ասեմ, պետք է մարտական ցուցադրական կրակով այդ գործողություններն իրականացնեին մայիսի 22-ին։ Բացի դա, հրետանու կրակից հետո, գործի պետք է անցնեին ռազմօդային ուժերը, կրկին մայիսի 22-ին։ Սակայն, գործեց բոլորովին այլ պլան։ Ինչպես նշեցի, մեկ օրվա փոխարեն երկու օր զորքերը դուրս բերեցին, այնուհետև ոչ այն ծավալով զինտեխնիկան, որի մասին հայտնել էին։ Անձնակազմից զորավարժությանը մասնակցել են միայն տեխնիկաները սպասարկող, տեղափոխող անձնակազմը, որը հաստատ չէր գերազանցում նույնիսկ հազարը։ Զորավարժություններին այդպես էլ չեն եղել մարտական ցուցադրական կրակայիններ, ինչպես նաև ռազմաօդային ուժերը՝ ինքնաթիռներ, ուղղաթիռներ, չեն իրականացրել մարտավարական թռիչքներ, առավել ևս՝ ուսումանական մարտական կրակ։ Մայիսի 22-ին զորավարժությունը ավարտելու փոխարեն, այն ավարտվեց մայիսի 21-ին:
Այսպիսով, կարող ենք փաստել, որ զորավարժության անցկացման մասին միտքը բացառապես քարոզչական բնույթի էր, որի թիրախն առաջին հերթին Ադրբեջանի հասարակությունն է, որն այս օրերին բավականին անկանխատեսելի և անկառավարելի է դարձել, ինչպես նաև՝ Հայաստանին սադրելը։
Միևնույն ժամանակ, չեմ բացառում նաև, այն հանգամանքը, որ Հայաստանի կոշտ արձագանքից հետո, տեղի ունեցավ սցենարի էական փոփոխություն։ Ամեն դեպքում, արձանագրենք, որ նախապես պլանավորված մասշտաբների և սցենարի զորավարժություն տեղի չունեցավ»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր