ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Անտրամաբանական է Մեսչյանի՝ ներդրումներով մտահոգությունը». Հովսեփ Խուրշուդյան
01:10, 24.05.2020 | mamul.am
7168 | 1

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, ելույթ ունենալով Հ1-ով, անտրամաբանական անվանեց մեր երկրի այն օրենքները, որոնցով եթե հարակից շենքերի բնակիչները դատարան հայց են ներկայացնում իրենց հարևանությամբ շինարարության դեմ, ապա այն դադարեցվում է և կարող է վերսկսվել միայն համապատասխան դատական վճռի առկայության պայմաններում: Ու քանի որ դատարանները ծանրաբեռնված են, արդյունքում շուրջ կես միլիարդ դոլարի ներդրումներ շինարարական ոլորտում սառեցված են: Որպես «կամակոր» (կառուցապատողներից մեկը հենց այդ բառն օգտագործեց) բնակիչների բողոքների պատճառ բերվում է, օրինակ, այն, որ նոր կառուցվող շենքերը փակում են հարակից շենքերի բնակիչների լույսը, կամ Մասիսի տեսարանը: Ու որպես «լուծում» Մեսչյանը առաջարկում է փոխել օրենքներն այնպես, որ դատարանում բնակիչների բողոքի ընդունումը որպես վարույթ հիմք չլինի շինարարության կասեցման համար:

Ինձ թվում է, որ անտրամաբանական է հայտնի երգահանի մտահոգությունը ներդրումներով: Դա պետք է որ իր գործառույթը չլինի, այլ՝ քաղաքապետի և ավագանու: Իսկ իր գործը ապահովելն է, որպեսզի չաղավաղվի Երևանի տեսքը, կենտրոնում գոնե նվազեցնի գերկառուցապատման տեմպը, երբ բարձրահարկերը արդեն իրար գլուխ են բարձրանում և այո, ապահովվի Երևանի բնակիչների բնակարանների լուսավորությունը ու նաև երևանցիների տեսադաշտը:

Որպես դեռ 2013թ.-ին Կոմիտասի 5 հասցեում ապօրինի շինարարության դեմ բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկը, ես քաջատեղյակ եմ խնդրին: Ասեմ, որ խայտառակ խախտումներով նախագիծը, որով նախատեսվում էր 14 հարկանի շենք կառուցել ոմն հարկային նախկին չինովնիկի կողմից Երվանդ Զախարյանի օրոք մի քանի հազար դոլարով ապօրինի սեփականաշնորհված տրոլեյբուսային կարգավորիչ ենթակայանին պատկանող 1000 քառակուսի մետր տարածքի վրա, որը հետագայում մեկ միլիոն դոլարով վաճառել էր մի պարսկահայ կառուցապատողի, որն էլ, թքած ունենալով բնակիչների շահերի վրա, պատրաստվում էր 5 հարկանի բնակելի շենքի դեմ դիմաց կառուցել այդ հսկայական շենքը: Բնակիչների բողոքով դատարան կասեցրեց կառուցապատումը, իսկ մասնագետների հավաքած (մեկն էլ ես համարյա մասնագետ դարձա այդ տարիների ընթացքում, քանի որ ինքս էլ բնակվում եմ Կոմիտասի 5ա-ում) ապացույցների հիման վրա մինչ այդ Երվանդ Զախարյանի, ապա նաև Գագիկ Բեգլարյանի տարատեսակ թույլտվությունները փաստացի ի դերև եղան, քանի որ տեսնելով, որ պարտվելու է վարչական դատարանում՝ կառուցապատողը նոր շինթույլտվություն ստանալու դիմում ներկայացրեց, փաստացի ընդունելով, որ կառուցապատումը նախկին նախագծով ապօրինի է: Հիմա չեմ ուզում պատմել, թե ինչպես էր կառուցապատողի հայրը շենքի բնակիչների մոտ գանգատվել, որ այնքան բնակարաններ են խոստացել նվիրել քաղաքապետարանի ու Արաբկիրի թաղապետարանի ղեկավարներին, որ չեն կարողանալու անգամ ներդրած գումարները հետ բերել: Ի դեպ, մի մեկ սենյականոց նվիրելու ակնարկներ ինձ էլ էր անում պայքարս դադարելու դիմաց Քեշիշ Աբրամը՝ կառուցապատող «Լիբեր» ՍՊԸ-ի սեփականատերը, այն է՝ եթե դավաճանեմ բնակիչների շահերը գրպանային շահի հիմքով (դե քաղաքապետարանի ու թաղապետարանի որոշում կայացնող պաշտոնյաներին նա, հավանաբար, այդպես արդեն գնել էր վերջին մարմնավաճառներից էլ ավելի վատ ձևով, եթե մտածում էր, թե ցանկացած երևանցու կարելի է գնել): Ու եթե օրենքը լիներ Մեսչյանի ուզած տարբերակով, ապա 14 հարկանի շենքը կառուցելուց հետո ի՞նչ պետք է արվեր դրա հետ. քանդվե՞ր: Ու դա լո՞ւրջ է ասում Մեսչյանը:

Մի խոսքով, Տարոն Մարգարյանը խոստացավ բնակիչներին, որ թույլ չի տա 7 հարկից ավելի շենքի կառուցում, այն էլ բնակելի շենքից 20 մետրից ոչ պակաս հեռավորության վրա: Կառուցապատողն էլ երդվեց, թե ապօրինի հատված մի քանի տասնյակ ծառերի փոխարեն հարյուրավոր ծառեր կտնկի շինարարությունը ավարտելուց հետո: Արդյունքում շենքը կառուցվեց, թեև էլի քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներով, սակայն գոնե 20 մետրի հեռավորությունը պահպանվեց: Բայց ամեն դեպքում Քեշիշ Աբրամն ու Տարոն Մարգարյանը իրենց ագահությանը ի վերջո հագորդ տվեցին. 7 հարկը կառուցելուց հետո նույն պարոն Տարոնը ևս 2 հարկի մանսարդ կառուցելու թույլտվություն տվեց ու կրկին դիմացի 5 հարկանի շենքի առաջին հարկերի բնակիչների արևը փակվեց: Ծառերի մասին էլ չեմ խոսում. խոստացած հարյուրավոր ծառերի փոխարեն «Լիբեր» ՍՊԸ-ն տնկեց զրո ծառ:

Ու այսպիսի պատմությունները տասնյակներ են, չթվարկեմ, իսկ չբարձրաձայնածները (երբ բնակիչները հույս չեն էլ ունեցել, որ իրենց շահերը որևէ մեկը բանի տեղ կդնի ու չեն էլ պայքարել)՝ հարյուրավոր:

Ասածս այն է, որ ամեն ինչ չի կարելի արդարացնել ներդրումներով: Կառուցապատողները պետք է բարի լինեն պահպանել օրենքները, քաղաքաշինական նորմերը ու նաև բնակիչների շահերը: Հոնքը շինելու համար չի կարելի աչք հանել: Ես հասկանում եմ, որ ցանկացած իշխանության համար թվերը, ներդրումները կարևոր են, նախկինների դեպքում՝ նաև իրենց գրպան հոսելիք գումարների առումով: Սակայն Երևանը պատկանում է երևանցիներին, ու եթե մարդիկ 50-60 տարի ապրել են՝ ամեն առավոտ Մասիսի վեհաշուք տեսարանով զմայլվելով (ուր էր թե Թամանյանի պես մի ճարտարապետ ունենայինք), դա դարձել է իրենց քաղաքային մշակույթի անքակտելի մասը: Եթե Շահումյանի, Աջափնյակի, Կոմիտաս-Զեյթունի բնակիչները Կիևյան-Լենինգրադյանով երթևեկելիս ամեն անգամ հիացել են մեծ ու փոքր մասիսների հիասքանչ տեսարանով, այդ հնարավորությունից չի կարելի զրկել նրանց ու նաև քաղաքի հյուրերին՝ մի քանի միլիոն դոլարի ներդրման դիմաց, ինչը հիմա արվում է հենց Լենինգրադյանից դեպի Համալիր թեքվելիս՝ Դալմայի այգիներում:

Իհարկե, կառուցապատողների համար առավել շահավետ է շենքեր կառուցել հենց քաղաքի կենտրոնում, այդպես կարելի է առավելագույն շահութը ստանալ: Բայց եթե Երևանն ունի երևանցիների ու քաղաքի շահերով մտահոգ իշխանություն, ապա երևանցիները պետք է վստահ լինեն, որ հանուն փողի քաղաքը չի շարունակվի ավիրվել, որ կենտրոնի գերբեռնվածությունը, գնալով ավելացնող կառուցապատումները կդադարեցվեն: Կառուցապատողները պետք է ավելի կրեատիվ մոտեցումներ դրսևորեն. կան ձևեր, տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ հնարավոր է սուբուրբան գոտու կառուցապատումով էլ շահույթներ ստանալ, եթե ցուցաբերվի կլաստերային մոտեցում, նոր ենթակառույցների համալիրների համակցմամբ, եթե ներդրողները իրար հետ խոսեն ու համատեղ մեծ նախագծեր իրականացնեն, այլ ոչ թե պարզապես հող փախցնեն կենտրոնում ու սկսեն իրար գլխի բարձրահարկեր կառուցել: Այդպիսի ժամանակակից արբանյակ քաղաքներում, հատկապես եթե դրանք կառուցվեն Երևանի ավելի մեղմ կլիմա ունեցող հյուսիսային հատվածներում, մարդիկ ոչ պակաս հաճույքով տուն կգնեն ու հաստատ ներդրողները առանց շահույթի չեն մնա: Բայց զսպեք ձեր ագահությունը, կամ բավարարեք այն ո՛չ երևանցիների հաշվին: Գոնե հեղափոխությունից հետո երևանցիները պետք է, որ ստանային այդ իրավունքը՝ ունենալ պաշտպանված շահեր, այլ ոչ թե հանրային կենտրոնական հեռուստատեսությամբ անվանարկվել «կամակոր»: Ի դեպ, Հ1-ն էլ գնալով ավելի միակողմանի և ուռա-իշխանամետ է դառնում: Դուք ՊԱՐՏԱՎՈՐ եք նախևառաջ պաշտպանել հանրության, քաղաքացիների շահերը, ապա նոր բիզնեսների, կենտրոնական և տեղական իշխանություններ և Հ1-ի լրագրողներ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր