Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.91, EUR 533.66, RUB 6.83, GBP 597.53
+23 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Արցախի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել
20:50, 23.05.2020

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախի ժողովրդի օրինական շահերը Գերմանիայում պաշտպանող կազմակերպության մասին, որը ներկայացնում ենք ստորև.

«Արցախի ժողովրդի օրինական շահերը Գերմանիայում պաշտպանում է մի կազմակերպություն, որը գրանցվել և իր գործունությունն իրականացնում է նստավայր երկրի օրենսդրությանը լրիվ համապատասխանությամբ: Կազմակերպության նպատակների թվում հարկ է նշել Գերմանիայի հասարակության իրազեկումն Արցախի մասին, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հաստատումը: Գերմանիայում Արցախի ժողովրդի շահերի պաշտպանությանն ուղղված գործունեությունը թափանցիկ և օրինական բնույթ է կրում ու կլինի շարունակական:

Համոզված ենք, որ մարդու իրավունքների համընդհանրության և արդարության սկզբունքների վրա հիմնված միջազգային համագործակցությունը խաղաղության ու անվտանգության պահպանման, ժողովրդավարության և մարդու իրավունքների առաջմղման՝ ինչպես նաև աշխարհում և, մասնավորապես՝ Եվրոպայում տնտեսական բարգավաճման համար պայմաններ ստեղծելու կարևոր տարր է հանդիսանում:

Հետևողական ջանքեր կգործադրվեն Արցախի համագործակցության աշխարհագրության ընդլայնման և տարբեր պետություններում Արցախի ժողովրդի շահերի ներկայացմանն ուղղված գործունեության արդյունավետության հետագա բարձրացման համար՝ հաշվի առնելով նստավայր երկրի օրենսդրության առանձնահատկությունները»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր