ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Մենք՝ հայերս, մեր ողջ ուղնուծուծով, մեր ամբողջ նկարագրով եվրոպացի ենք». Նարեկ Սարգսյան
05:10, 25.05.2020 | mamul.am
6005 | 1

Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք՝ հայերս, 100 տոկոսանոց եվրոպացիներ ենք։ Մենք ասիացիներ չենք։ Ես ո՛չ պատմաբան եմ, ո՛չ լեզվաբան, ո՛չ էլ մշակութաբան, սակայն ասածներս ոլորտ առ ոլորտ այնպես կհիմնավորեմ, որ կասկած չմնա։ Միայն թե երկու նկատառում՝ հայերեն վատ հասկացողների համար՝

1. Ասիացի լինելը վատ բան չէ, եվրոպացի լինելը լավ բան չէ։ Պա՞րզ է։ Ես չեմ խոսում լավի ու վատի մասին, այլ տարբերության մասին։

2. Եվրոպացի-ասիացի քաղաքակրթական սահմանը հստակ չէ, այլ շատ պայմանական սահման է։

Առաջին ոլորտ. Լեզու. Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզու է։ Գրեթե բոլոր եվրոպացի ժողովուրդները խոսում են հնդեվրոպական լեզուներով՝ շատ քիչ բացառություններով՝ (հունգարցիներ, ֆիններ ևն)։ Վրացերենը, թուրքերենը հնդեվրոպական լեզուներ չեն։ Մեր լեզվով մենք եվրոպացիների հետ մի խմբում ենք։ Լեզվական առումով մենք չենք կարող լինել ասիացի, քանի որ ասիական ժողովուրդների մեծ մասը խոսում է այլ խմբի լեզուներով։

Երկրորդ ոլորտ. կրոն։ Հայերս քրիստոնյա ենք։ Եվրոպայի ժողովուրդների մեծ մասը քրիստոնյա է։ Այստեղ «քրիստոնյա» տերմինը առաջին հերթին մշակութային տերմին է և հետո միայն՝ հավատին վերաբերող բառ։ Կերպարվեստի, կենցաղի, գրականության, ժողովուրդների աշխարհայացքի առումով մենք 100 տոկոսով եվրոպական կատեգորիայի մեջ ենք մտնում։ Ուրեմն, կրոնի առումով ևս մենք չենք կարող լինել ասիացի, քանի որ ասիական ժողովուրդների մեծ մասը այլ կրոնների և փիլիսոփայությունների կրող է։

Երրորդ ոլորտ. Փիլիսոփայություն. Եվրոպական քաղաքակրթությունը մեծապես սերված է հունահռոմեական քաղաքակրթությունից։ Մեր՝ հայերիս ինքնությունը նույնպես մեծապես կապված է հունական քաղաքակրթության հետ։ Հիշենք թեկուզ Դավիթ Անհաղթին, որը այսօր էլ Արիստոտելի փիլիսոփայությունը ուսումնասիրողների համար առաջնային կարևորության աղբյուր է։ Ասիական ժողովուրդների մեծ մասը այլ փիլիսոփայական ուսունքներից են սերում։

Չորրորդ-հինգերորդ-վեցերորդ ոլորտներ՝ Երաժշտություն, գրականություն, ճարտարապետություն՝ էս բոլոր ոլորտների տրադիցիաներով մենք լիովին տեղավորվում ենք Եվրոպական քաղաքակրթության մեջ՝ սկսած միջնադարյան հայրեններից, Նարեկացուց, վերջացրած Սայաթ-Նովայով, Կոմիտասով, Հովնաթանյաններով, Տիգրանյանով, Խաչատրյանով ու Թամանյանով։

Որպես յոթերորդ ոլորտ՝ մի հատ էլ մոդեռն օրինակ բերեմ. մահապատժի վերացումը։ Սա տիպիկ եվրոպական արժեք է։ Ասիական երկրների մեծ մասում մահապատիժն արգելված չէ՝ այդ թվում աշխարհի ամենազարգացած երկրներից երկուսում՝ Ճապոնիայում և Հրավային Կորեայում։ Իսկ այ Եվրոպական երկրների 99 տոկոսում մահապատժը վերացված է։ Այս քաղաքակրթական արժեքը մենք որդեգրեցինք անկախությունից հետո և մեր աշխարհայացքի համար սա խիստ հարազատ բան է։ Որովհետև մենք եվրոպացի ենք։

Իսկ հիմա հայերին ասիացի համարողները թող մի հատ փաստարկ բերեն, որ թե ինչո՞վ ենք մենք ասիացի։ Հայերին ասիացի համարողների սիրած փաստարկն այն է, որ մենք կենցաղավարության և այլ շատ առումներով ազդվել ենք, օրինակ, արաբներից։ Չեմ ուզում ոչ մեկին հիասթափեցնեմ, բայց Եվրոպական քաղաքակրթությունն ուղնուծուծով այնքան է ազդված արաբական մշակույթից, որ առանց արաբական ազդեցության այսօրվա Եվրոպան Եվրոպա չէր լինի։ Չկա Եվրոպա առանց արաբական ազդեցության։ Սա հայտնի փաստ է։

Բայց ո՞նց կարելի է ազդեցությունը շփոթել ինքնության հետ։ Բա խաչմերուկի վրա ենք, բա արաբական ու թուրքական լծի տակ ենք ապրել՝ չազդվեի՞նք։ Լավ ենք արել՝ ազդվել ենք։ Ազդվել ենք՝ հարստացել ենք։ Ո՞ր մի ազգը չի ազդվել։ Արաբներից գերմանացիները չեն ազդվե՞լ, թե՞ ֆրանսիացիները չեն ազդվել։

Կամ ասում են՝ Թումանյանը ազդվել է արևելյան թեմաներից։ Քանի՞ եվրոպացի գրողի անուն տամ, որ ազդվել են արևելյան թեմաներից։ Վան Գոգը ազդվել է Ճապոնացի նկարիչներից՝ ուրեմն Վան Գոգը դառավ ասիացի՞։ Կանդինսկին ազդվել է Աֆրիկյան պիրիմիտիվ արվեստից՝ Կանդինսկին դառավ աֆրիկացի՞։ Կամ տենց-տենց ա՝ սուրճի հայրենիքը Աֆրիկան է, կարտոֆիլինը՝ Ամերիկան։ Մենք սիրում ենք սուրճ ու կարտոշկա-ժարիտ, ուրեմն մենք դառանք աֆրո-ամերիկացի՞։ Նույնը, ի դեպ, վերաբերում է ասիական ժողովուրդներին։ Չինացիները՝ իրենց հազարամյա պատմությանբ 20-րդ դարում որդեգրեցին ամենաեվրոպական գաղափարախոսություններից մեկը՝ կոմունիզմը, բայց չինացիները ոնց կային ասիացի, մնացին ասիացի, որովհետև կրկնում եմ՝ ազդեցությունը մի բան է, ինքնությունը՝ այլ բան։

Կարճ ասած մենք՝ մենք՝ հայերս մեր ողջ ուղնուծուծով, մեր ամբողջ նկարագրով եվրոպացի ենք՝ նույնիսկ եթե մեր մեջ կան մարդիկ, որ չգիտեն դրա մասին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր