Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.84, EUR 543.30, RUB 6.81, GBP 602.38
+18 °C, +19 °C ... +31 °C Վաղը`+33 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Կա՛մ Փաշինյանն սկսում է կատարել իր խոստումները, կա՛մ այս իշխանությունը գնում է տուն». բնապահպան
04:05, 26.05.2020

Բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի տարբերություն Սերժ Սարգսյանի, որի իշխանությունը հենված էր փողի, օլիգարխների, թաղի խուժանի ու կոռուպցիայի վրա, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը դեռ հենված է միայն հանրային աջակցության վրա, որը, ցավոք, նա անխնա վատնում է:
Այսօր Հայաստանում տեղի ունեցող շատ իրադարձություններ գալիս են փաստելու, որ նախկինները համախմբվել և դուրս են եկել ակնհայտ պայքարի։
Նրանց ձեռքին է Հայաստանի գրեթե ողջ բիզնեսները և մեծաթիվ աշխատատեղեր։
Նրանք դա որպես լծակ են օգտագործում՝ Հայաստանի տնտեսական վիճակն իրենց ձեռքը որպես զենք պահելու և կառավարության հետ ուլտիմատումներով խոսելու համար։
Այն, որ առճակատումն օրեցօր ավելի մեծ թափ է հավաքելու, դա ակնհայտ է։
Այն, որ կառավարության ուժի ռեսուրս հանրությունն ամեն օր հիասթափվում և երես է թեքում, դա էլ է ակնհայտ։
Այն, որ նախկինները փողի ուժով իրենց զինվորների թիվն օրեցօր ավելացնում են, դա էլ է փաստ։

Եվ այս ամենի մեջ, իմ կարծիքով, մեղադրվող է միայն մեր հարգելի վարչապետը:
Այդ նա հայտարարեց, որ վենդետաներ չեն լինելու, ունեզրկում չի լինելու և մութ անցյալով ստեղծված ահռելի կարողությունները մնացին նախկինների ձեռքում։
Այդ նա հայտարարեց, որ շանս է տալիս նախկինից մնացած համայնքապետերին ու շատ պաշտոնյաների, որոնք այժմ արդեն անթաքույց ծառայություններ են մատուցում իրենց նախկին տերերին՝ օգտագործելով իրենց պաշտոնը՝ որպես լծակ։
Այդ նա թույլ տվեց, որ հայ ժողովուրդը երկու տարի երկրի կենտրոնում իր տունն ու երեխային պաշտպանելու համար ստիպված լինի դրսում գիշերել ու (պոստ) պահել։
Այդ նա է շարունակում հեղափոխության օրերին արված իր հայտարարություներից հետքայլ անել։
Ուրիշ տեղեր չգիտեմ, բայց մեր փոքրիկ Ջերմուկից հարյուրավոր մեքենաներով էինք դուրս գալիս՝ վարչապետի այս կամ այն կոչերին հետևելով:
Իսկ հիմա վստահ չեմ, որ նրա կոչով մեկ տասնյակ մեքենա դուրս կգա ու Երևան կշարժվի:
Հա, բայց հներ, դուք դա որպես բարենպաստ վիճակ մի դիտարկենք ձեզ համար:
Ընդհակառակը ձեզ համար սա ավելի վատ է, քանի որ մոտենում է ժամանակը՝ կա՛մ Նիկոլ Փաշինյանն սկսում է ի կատար ածել բոլոր խոստումները և դուք դրա արդյունքում ուղղակի ունեզրկվում և պատասխանատվության եք ենթարկվում, կա՛մ այս իշխանությունը գնում է տուն և նոր իշխանությունն է վերը նշածս իրականացնում, քանի որ ձեզ մեր երկրից արմատախիլ անելը դարձել է հանրային պահանջ: Այս իշխանության հետ, թե առանց նրա, ժողովուրդը դա անելու է։ Կեցցե այն Հայաստանը, որ դեռ չի եկել, բայց անպայման գալու է»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր