«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն պատրաստվում է առաջիկայում հարցաքննության հրավիրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին: Միայն թե հստակ չէ՝ ինչ կարգավիճակով են նրան կանչելու հարցաքննության: «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀՀ քնչական կոմիտեի լրատվական բաժին, որտեղից բաժնի պետ Ռիմա Եգանյանը հայտնել է. «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, քրեական գործով հարցաքննվել են մի շարք անձինք, որոնց տվյալները, նախաքննության գաղտնիությունից ելնելով, հրապարակման ենթակա չեն: Տիգրան Արզաքանցյանը քրեական գործով դեռևս չի հարցաքննվել»: Հիշեցնենք, որ դեռևս 2019 թվականին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր ընկերություններից մեկի նախկին տնօրենի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի վերաբերյալ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` ՓԲ ընկերության նախկին տնօրենը, 2009 թվականի հոկտեմբերից մինչև 2018թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում պարտավոր լինելով գործել ընկերության շահերի շրջանակներում, իր լիազորություններն օգտագործել է ընկերության շահերին հակառակ: «Մեր տեղեկություններով՝ ՓԲ ընկերության նախկին տնօրենը ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի եղբայրն է, որին մեղադարանք է առաջադրվել և խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին»,- հավելում է թերթը: Մանրամասները՝ այսօրվա համարում։ |