Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.83, EUR 570.56, RUB 6.57, GBP 633.62
+18 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+30 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
ՄԻԵԴ-ը հրապարակել է Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը
14:20, 26.05.2020

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Հունգարիայում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով վճիռը։ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք), ինչպես նաև՝ 14-րդ հոդվածը (խտրականության արգելք)։

Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի գործով վճռում ասվում է նաև, որ Ադրբեջանը ձախողել է իր սպայի կողմից էթնիկ ատելության հողի վրա իրականացված հանցանքի համար ազատազրկման ապահովումը, ավելին՝ ներել է սպային ու հերոսացրել։

Այսպես, դատարանը նշել է, որ Ադրբեջանը հստակ պաշտպանել է Սաֆարովի գործողությունները՝ նրան ոչ միայն ազատել է կալանքից, այլև նոր կոչում է շնորհել, տվել է աշխատավարձ՝ բանտում անցկացրած օրերի համար, նրան ապահովել է բնակարանով։

Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արվել են հայտարարություններ, որոնք աջակցել են Սաֆարովի վարքագծին, որոնք ուղղված են եղել հայ զինվորի դեմ:

Ապացույցներից մեկն էլ այն է, որ Ադրբեջանի նախագահի կայքում հատուկ էջ է ստեղծվել՝ նվիրված Սաֆարովին։

Միևնույն ժամանակ, դատարանի վճռի համաձայն՝ Ադրբեջանը խախտել է Հունգարիայի դատարանի որոշման պատշաճ կատարման պարտավորությունը, համաձայն որի՝ Սաֆարովը պետք է պատժվեր այդպիսի ծանր հանցագործության համար: Վճռում նշվում է, որ հաշվի առնելով Երևանի և Բաքվի միջև բարդ հարաբերությունները, Ադրբեջանի իշխանությունները պետք է ավելի զգույշ լինեին իրենց գործողություններում, բայց դրա փոխարեն նրանք ոչ միայն ազատեցին հանցագործին, այլև թույլ տվեցին նրան շարունակել ծառայությունը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռում նշվում է նաև, որ հիմք չկա հավատալու, թե Հունգարիայի իշխանությունները տեղյակ էին, որ Սաֆարովի՝ Ադրբեջանին արտահանձնումից հետո, վերջինն ազատ կարձակվի և, հետևաբար, չկա որևէ վկայություն Հունգարիայի կողմից կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների խախտման վերաբերյալ: ՄԻԵԴ-ը նաև խախտումներ չի տեսել Հունգարիայի իշխանությունների գործողություններում՝ հանցագործության պատշաճ քննությունն ապահովելու և հանցագործին պատասխանատվության ենթարկելու մեջ:

Նշվում է, որ հայցվոր կողմը պահանջել է փոխհատուցել միայն դատական ծախսերը՝ ավելի քան 15 000 ֆունտ ստերլինգ: Դատարանը պահանջը բավարարել է: Ադրբեջանը պետք է փոխհատուցումը վճարի վճռի հրապարակումից հետո հաջորդ 3 ամիսների ընթացքում:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր