ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Չեք կարծո՞ւմ, որ Սահմանադրությունը սարքում եք պոլի շոր»․ Նաիրա Զոհրաբյան
12:45, 27.05.2020 | mamul.am
4816 | 2

«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը դիմելով նախագծի հեղինակ իմքայլական Վահագն Հովակիմյանին, ասաց․ «Չեք կարծո՞ւմ, որ տեսականորեն կարող է ստեղծվել իրավիճակ, որ ԱԺ-ին օժտեք լիազորությամբ, ասենք՝ չեղարկել ԱԺ, ՏԻՄ ընտրությունները, Հայաստանը հռչակել միապետություն, չեք կարծո՞ւմ, որ Ձեր տրամաբանությունը նշանակում է թքել Սահմանադրության վրա, այն սարքել պոլի շոր, ու ձեր ներքաղաքական րոպեական խնդիրը լուծելու համար ձևախեղել Սահմանադրությունը»։

Վահագն Հովակիմյանը պատասխանեց․ «Սահմանադրությունն ամրագրում է, որ ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում ընտրություններ չի անցկացվում, նաև Սահմանադրությունը կարգավորում է, որ ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո ինչպես է այն անցկացվում, այսինքն՝ էստեղ չկա այնպիսի բան, որ որևէ մեկը կարող է օրենքի մակարդակով բերել, լիազորություն տալ»։

Նաիրա Զոհրաբյանի արձագանքը չուշացավ․ «Չեմ կարծում, որ ԱԺ-ն սահմանադրական քայլ է անում՝ այս նախագծով չեղարկելով հանրաքվեի անցկացումը»։

Նշենք, որ քննարկվող նախագծով հնարավորություն է տրվում արտակարգ դրության ավարտից հետո չեղարկել սահմանադրական հանրաքվեն:

«Օրենքում ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու հիմքով չկայացած հանրաքվեի վերաբերյալ կա ընդամենը մեկ դրույթ՝ այն է, որ արտակարգ կամ ռազմական դրության վերացումից հետո հանրաքվեն նշանակվում է ոչ շուտ քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո: Ամբողջ գործընթացը, թե ինչպես պետք է վերսկսվի հանրաքվեն, օրենքը չի նշում»,- ավելի վաղ ասել էր Հովակիմյանը:

Պատգամավորը նշել էր, որ օրենքի փոփոխությունները միտված են կարգավորելու հանրաքվեի շարունակականության կանոնակարգման հարցը:

Հիշեցնենք՝ հանրաքվե չիրականացնելու մտադրության մասին իշխանությունները խոսել էին նաև ավելի վաղ՝ հիմնավորմամբ, թե կորոնավիրուսի համաճարակը դեռ երկար ժամանակ չի անցնի, իսկ սահմանադրական ճգնաժամը պետք է հանգուցալուծել հնարավորինս արագ։

Հանրաքվեն չեղարկելուց հետո ի՞նչ ճանապարհով են շարունակելու սահմանադրական փոփոխությունները, Վահագն Հովակիմյանը վաղ է համարում խոսելը: Հորդորում է սպասել Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը, որին խորհրդատվության համար դիմել են Հայաստանի իշխանությունները։

Ընդդիմադիր պատգամավորները դեռ պետաիրավական հանձնաժողովի նիստերի ժամանակ հայտնել էին, որ իշխանությունների՝ այս ճանապարհով գնալու պատճառն այն է, որ մտավախություն ունեն, թե հանրաքվեում «Այո»-ի կողմը բավարար ձայներ չի ստանա։

ԱԺ նիստ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր