ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը
14:00, 27.05.2020 | mamul.am
5256 | 0

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ միջոցառման նպատակն է օժանդակել ՀՀ քաղաքացիներին և առանձին տնտեսվարողներին հաղթահարելու կորոնավիրուսի տնտեսական հետևանքները, ինչպես նաև՝ ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման և ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով նպաստել «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուների ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը:

«Կառավարության կողմից տրամադրվող արտոնյալ վարկի 75 տոկոսը տնտեսվարողներին անտոկոս կհատկացվի 8 տարվա մարման ժամկետով, 25 տոկոսը՝ որպես դրամաշնորհ։ Վարկի մայր գումարի արտոնյալ ժամանակահատվածը կարող է կազմել առավելագույնը 6 ամիս` սկսնակ շահառուների համար. մեկ շահառուի վարկի առավելագույն չափը սահմանվում է 10 մլն դրամ՝ սկսնակների համար, իսկ նորարարական զարգացման շահառուների համար՝ 20 մլն դրամ:

Վարկի տարեկան տոկոսադրույքը կկազմի 7-10 տոկոս»,- ասաց Տ. Խաչատրյանը:

Պետական օժանդակության 19-րդ ծրագրի շահառու են հանդիսանում այն կազմակերպությունները կամ ԱՁ-ները, որոնք

* համապատասխանում են «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված չափանիշներին,
* աջակցության հայտ ներկայացնելու օրվան նախորդող 12 ամիս ունեցել են բարվոք հարկային և վարկային պատմություն,
* գործունեությունն առավելապես իրականացնում են ՀՀ մարզերում,
* չեն հանդիսացել պետական ֆինանսական աջակցության շրջանակում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի շահառու, եթե դիմել են սույն Միջոցառման սկսնակների համար աջակցությանը.
* մինչև աջակցության հայտ ներկայացնելու օրը առնվազն 24 ամիսների ընթացքում հանդիսացել են «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցով իրականացվող պետական ֆինանսական աջակցության շահառու, եթե դիմել են Միջոցառման նորարարական զարգացման աջակցությանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր