Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է վերահսկողությունը: Հայտնաբերվել է կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 65 տրանսպորտային միջոց, որոնց ուղևորների թվում եղել են պաշտպանիչ միջոցներ չկրող անձինք։ Պարետի որոշման համաձայն` արգելվում է տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցներում ուղևորի` վարորդի կողքին նստելը։ Բացի այդ, տաքսու վարորդները և ուղևորները ևս պարտադիր պետք է կրեն դիմակներ և ձեռնոցներ։ Այս ուղղությամբ ոստիկանության արտաքին ստորաբաժանումների ծառայությունը շուրջօրյա է։ Հայտնաբերվել է հիշյալ կանոնների խախտումների 583 դեպք։ Փողոցներում ծառայություն իրականացնող ոստիկանները ստուգում են հանրային վայրերում գտնվող քաղաքացիների մոտ դիմակի առկայությունը, ինչը պարտադիր է։ Հանրային վայրերում հայտնաբերվել է 357 անձ, որոնք դիմակ չեն ունեցել: Բոլոր խախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ |