Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.00, EUR 573.17, RUB 6.58, GBP 634.96
+19 °C, +18 °C ... +32 °C Վաղը`+35 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Պատմությունից դասեր չառնելու դեպքում, սովորաբար, այն կրկնվում է»․ Սերժ Սարգսյան
09:40, 28.05.2020

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ․

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի առթիվ:

Մայիսյան մեր հաղթանակները փառաբանող պետական տոների մեջ այս օրը հայ ժողովրդի համար ուրույն նշանակություն և առանձնակի խորհուրդ ունի:

1918 թվականին Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում թուրքական կանոնավոր բանակի դեմ անհավասար ուժերով պայքարի ելած մեր ժողովուրդը` զինվորականից մինչև շինական, մտավորական ու հոգևորական, կենաց-մահու կռիվ տվեց և կասեցրեց թուրք զավթիչների առաջխաղացումը: Մայիսյան հերոսամարտերի օրերին Մայր տաճարի անընդմեջ ղողանջող զանգերն անգամ որպես մարտակոչ էին հնչում և համազգային մաքառման ու պայքարի կոչում հավատավոր զավակներին: Դա գոյապայքար էր, որտեղ հայ ժողովուրդը կարող էր ապավինել միայն սեփական ուժերին: Եվ սա մեր պատմության կարևորագույն դասերից մեկն է:

«Հայերով ոչ ոք չի հետաքրքրվում` շոշափելի օգնություն հասցնելու մտքով: Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին` թե՛ ճակատը պաշտպանելիս, թե՛ երկրի ներսը կարգ հաստատելու համար»,- մայիսյան հերոսամարտերից ընդամենը ամիսներ առաջ թուրքական ներխուժման վտանգը գիտակցելով՝ գրում էր մեր պատմության ամենապայծառ դեմքերից և Առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկը՝ Արամ Մանուկյանը:

Պատմությունը հերթական անգամ մեզ սովորեցնում է առաջին հերթին ապավինել սեփական ուժերին և երկրի ներսում անխոհեմաբար չջլատել ուժերը, երկպառակություն չսերմանել ու բաժանարար գծեր չանցկացնել, ապաշնորհ կառավարմամբ չթուլացնել ազգային դիմադրողականությունը, հատկապես, երբ հակառակորդն այսօր էլ ցինիկաբար խեղաթյուրում է պատմությունը և ափսոսում, որ ավարտին չի հասցրել մեկ դար առաջ սկսածը:

Պատմությունից դասեր չառնելու դեպքում, սովորաբար, այն կրկնվում է: Այդ դասերից մեկն էլ հերոսներին ժամանակին գնահատելն է, հակառակ պարագայում` ժողովուրդները նոր փորձությունների են ենթարկվում, որոնք կարող են ճակատագրական լինել:

1918-ի մայիսյան հերոսամարտերն առաջնորդած և փայլուն հաղթանակներ տարած մի շարք զորահրամանատարներ ու ռազմական գործիչներ` Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը, Գարեգին Նժդեհը և բազում երախտավոր հրամանատարներ ու սպաներ հեղափոխությունից հետո հռչակվեցին ազգի դավաճաններ, հալածվեցին սեփական երկրի իշխանությունների կողմից, գնդակահարվեցին կամ իրենց կյանքի վերջին տարիներն անցկացրին բանտերում ու աքսորներում:

Անշուշտ, ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում. այսօր սերունդները կրթվում են նաև մայիսյան հաղթանակների այդ հերոսների օրինակով, պետական տոներին նրանց անունները փառաբանվում և օրհնվում են, սակայն կյանքի օրոք նրանց արժանին չմատուցվեց, և դա հերթական ու մեծագույն սխալն էր: Հույսը չպետք է դնել միայն ամենաարդար ժամանակի վրա: Անհրաժեշտ է հետևություններ անել անցյալի դասերից` չկրկնելու համար նախկին սխալները:

Մոտ մեկ դար առաջ մայիսյան այս օրերին հայ ժողովուրդը ոչ միայն փրկվեց բնաջնջումից, այլև իր պատմական հայրենիքի մի փոքր հատվածում վերականգնեց անկախ պետականությունը: Դրանից ընդամենը երեք տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանում ցեղասպանության ենթարկված, իր պատմության ընթացքում բազում անմարդկային զրկանքներ ու տառապանքներ տեսած մեր ժողովուրդը վերահաստատեց ապրելու կամքը և հազարամյակների իր պատմության ընթացքում մի քանի հարյուրամյակ պետականության կորստից հետո Հայաստանի առաջին Հանրապետության հռչակմամբ, ըստ էության, ազդարարեց, որ կանոնավոր բանակ, կազմակերպված պետական կառույցներ, համախմբվածություն և պայքարելու ոգի ունեցող ժողովրդին այլևս ոչ ոք ցեղասպանությամբ չի սպառնա:

Մայիսյան հաղթանակները, անկասկած, հնարավոր դարձան հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված նվիրյալների հերոսական պայքարի, Հայաստանի փրկության և ապագայի նկատմամբ նրանց մեծ հավատի ու ազգային համախմբվածության արդյունքում: Պատմության ևս մեկ դժվարին շրջափուլում հազարամյակների իր երթը անկասելի դարձրած հայ ժողովուրդը նվաճեց ապրելու և արարելու իրավունքը: Պատերազմից հյուծված, բազմաթիվ խնդիրներ ունեցող նորանկախ Հայաստանի Հանրապետությունում ընդամենը մեկ տարի հետո` 1919 թվականի մայիսին, նախարարների խորհուրդը որոշում կայացրեց մայրաքաղաք Երևանում համալսարան հիմնելու մասին: Մի՞թե սա չի բնորոշում մեր ժողովրդին:

Հավերժ փա՛ռք հայոց անկախ պետականությունը վերականգնողներին, Առաջին Հանրապետությունը անձնվիրաբար կայացրած ազգային-պետական գործիչներին:

Արժանի լինենք մեր հերոս նախնիների սխրանքներին և անմահ հիշատակին:

Կրկին շնորհավորելով Հանրապետության տոնի առթիվ՝ մաղթում եմ բոլորիս խաղաղ աշխատանք, պետության քաղաքացուն հարիր պատասխանատվություն, ազգային բարձր գիտակցություն և նվիրվածություն մեր համազգային նպատակներին:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Փա՛ռք հայ ժողովրդին:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր