ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
«Անմեղսունակ կառավարություն, դեգրադացված հասարակություն, արդյունքում՝ ավելի ու ավելի մեծաթիվ մահեր». Հ. Մարտիրոսյան
23:30, 29.05.2020 | mamul.am
4345 | 2

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստեղծված այս իրավիճակում անգամ հայ հասարակության մեջ կան հսկայական խմբեր, որոնք դեռևս չեն հավատում, որ վիրուսը կա, կամ պնդում են, որ այն չափազանցված է: Ապատեղեկատվության և տգիտության վերջին վտանգավոր դրսևորումն այն հավատալիքն է, թե իբր դիմակները վնասում են կրողին և ամենատարբեր հիվանդություններ առաջացնում:

Իսկ դա նշանակում է, որ այդպիսի թեզերի հավատացող կամ տարածող մարդիկ վտանգում են ոչ միայն իրենց կյանքը, այլև սեփական մոտեցման արդյունքում դրսևորում են վարքագիծ, որ վտանգում է այլոց և ընդհանրապես հասարակական անվտանգությունն ու առողջությունը:

Այսպիսով հանրայնորեն հայտնվող նման կարծիքները ոչ թե խոսքի ազատության բաղադրիչ են, այլ` ազգային անվտանգության սպառնալիք և տգիտության ու հիմարության զանգվածային քարոզ:

Նորմալ հասարակություններում այդպիսի խայտառակ մակարդակի դրսևորումներ այդպիսի ծավալներով չկան: Իսկ պետական հարթակները, իրենց բարձրորակ տեղեկատվությամբ և ապատեղեկատվությունը հերքելով, կրթական ցենզ են ապահովել իրենց անդամների համար:

Հայաստանում պետության այդ ֆունկցիան նույնպես լքվել է կառավարության կողմից: Պարետատունը, կառավարությունը և կառավարության ղեկավարը որևէ կերպ հետևողական և ծրագրված, բարձրորակ տեղեկատվական արշավ չեն վարում: Արդյունքում հրապարակում մնում են հանրային մի ահռելի խումբ մարդիկ, որոնց մի մասն ինքն է դավադրապաշտական անհեթեթություններ տարածում, կամ մեկ այլ խումբ, որ, տեսնելով հասարակական դավադրապաշտական ալիքը, չուզենալով կորցնել լսարան կամ ապահովագրելով իրենց պատասխան հարվածներից, լռում են: Եվ մի փոքրիկ խումբ, որ խոսում է, պայքարում և չի վախենում քարկոծվելուց:

Առաջին իսկ օրերից սկսած ես ահազանգ եմ հնչեցրել այս խնդրի վերաբերյալ: Ի պատասխան` հնչել են հարյուրավոր հայհոյանքներ, վիրավորանքներ, հիասթափության մասին հայտարարություններ: Դա ինձ չի վախեցրել, չի մտահոգել և չի կասեցրել:

Ճշմարտությունը պետք է ասվի, խավարամտությունը չպետք է հաղթանակի: Եվ այդ պայքարում վճարվելիք գինն ինձ չի վախեցնում:

Կոչ եմ անում հանրային իմ այն գործընկերներին, որոնք կոնֆորմիզմով կամ զգուշավորությամբ լռում են, վերջապես խոսել: Անմեղսունակ կառավարությամբ և երեսուն տարի դեգրադացված ու ապակրթված հասարակությամբ մենք ամեն օր ականատես ենք լինելու ավելի ու ավելի մեծաթիվ մահերի:

Խոսե՛ք, փորձե՛ք կանգնեցնել միջնադարյան խավարամտության այս ալիքը: Մարդկանց կյանքերն ու հասարակական անվտանգությունը բարձր դասեք սեփական հանրային վարկանիշից: Ձեր լռությամբ դուք դիտորդ եք դառնում տգիտությամբ կատարվող զանգվածային սպանդի, որի դեմ պայքարողների ուժերը, ցավոք, սահմանափակ են, իսկ ռեսուրսները` ոչ անսպառ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր