ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ի՞նչ է անում ոստիկանությունը, երբ այդպիսի բազմություն է հավաքվում մեկ տեղում». Նաիրի Հոխիկյան
02:10, 02.06.2020 | mamul.am
6254 | 0

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկոյան քայլում եմ Երևանի արվարձաններից մեկում՝ ՀԱԹ-ում։ Մարդկանց սոցիալական վարքագծին ու ոստիկանների, նաև ՏԻՄ պատասխանատուների (չ)աշխատանքին նայելով՝ կարող ես մտածել, որ իրական Բանգլադեշում ես, ոչ թե Հայաստանի մայրաքաղաքում, որտեղ հայտարարվել է COVID-19-ի վտանգավորության բարձր մակարդակ։

Խմբերով հավաքված մարդիկ՝ առանց դիմակների, միմյանց չափազանց մոտ կանգնած, հաճախ բառացիորեն միմյանց բերան մտած, հանդիպելիս «հին ու բարի» պաչիկով բարևներով և բազմաթիվ այլ իրավիճակներ, որոնք օրեր անց դառնում են վարակվածության նոր դեպքերի պատճառներ։

Ի՞նչ է անում ոստիկանությունը, երբ մարդկանց այդպիսի բազմություն է հավաքվում մեկ տեղում՝ առանց պաշտպանիչ միջոցների, ինչո՞ւ այգիներում և խաղահրապարակներում չկան ոստիկանության կամ թաղապետարանների ներկայացուցիչներ, որոնք ի պաշտոնե պարտավոր էին ապահովել մարդկանց սոցիալական պատասխանատվությունը, եթե դա մարդկանց հասու չէ գիտակցական մակարդակում։

Ի վերջո, Հայաստանը միայն Երևանի Հանրապետության հրապարակը չէ։ Հայաստանը նաև Երևանի մյուս համայնքներն են, մարզերը, գյուղերը։

Ներքևի նկարները 01․06․2020թ․ երեկոյան են արված։ Դեմքերը փակել եմ՝ էթիկայից ելնելով, բայց հստակ երևում է պաշտպանիչ դիմակի բացակայությունը։

Վարչապետն էլ վարակվեց, էլի մարդիկ չեն սթափվում։ Բազմիցս մարդկանց պատմել եմ, որ ունեմ ծանոթներ՝ կորոնավիրուսով վարակված, էլի չեն հավատում, որ այդ համավարակը վտանգավոր է, կարող է անդառնալի վնասներ հասցնել՝ եթե ոչ մեզ, ապա մեր կողքի ապրողներին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր