ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Մեյմանդարի» շուկայում խուլիգանության կասկածանքով երկու անձ է ձերբակալվել․ ՔԿ
16:55, 03.06.2020 | mamul.am
4374 | 0

2020թ. հունիսի 2-ին՝ ժամը 15:20-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գայ գյուղի տարածքում գտնվող «Մեյմանդար» կոչվող շուկայի մուտքի դիմաց մի խումբ անձինք շրջել են իր կողմից կայանված, իրեն պատկանող ավտոմեքենան՝ պատճառելով զգալի չափերի հասնող գույքային վնաս:
Նախնական տվյալներով՝ մի խումբ անձինք, անհարգալից վերաբերմունք դրսևորելով, դիտավորյալ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը և գլխիվայր շրջել Արմավիրի մարզի բնակչին պատկանող «Վազ» մակնիշի ավտոմեքենան:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (խուլիգանություն) հոդվածի 3-րդ մասի 1 ին կետով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Արմավիրի մարզի բնակիչը ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը, ովքեր Արմավիրի, Արարատի մարզերի բնակիչներ են՝ ծնված համապատասխանաբար 1987 և 1980թթ.: Վերջիններս ձերբակալվել են՝ խուլիգանություն խմբի կազմում կատարելու կասկածանքով: Հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են առգրավումներ: Նախաքննությունը շարունակվում է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր