ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Մեդիա պաշտպան»-ն ահազանգում է Արցախում հայկական ՀԸ-ների հեռարձակումը խոչընդոտելու մասին
12:05, 04.06.2020 | mamul.am
3519 | 0

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն ահազանգում է, որ Արցախի հանրապետության տարածքում դադարեցվել է «5-րդ ալիք», «Շողակաթ», «Ա-թիվի» և ևս երկու հեռուստաընկերությունների հեռարձակումը: Ըստ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի լրատվամիջոցներին տրված մեկնաբանության` «խնդիրը զուտ տեխնիկական է: Խոսքը 5 ալիքների մասին է, որոնցից երեքը երևանյան են, երկուսը՝ այլ, մարզական և երաժշտական: Խնդիրները վերականգնելուն պես այդ ալիքների հեռարձակումը կշարունակվի»։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը լիահույս է, որ Արցախի տարածքում հայկական հեռուստաընկերությունների հեռարձակման դադարեցումը քաղաքական որևէ նպատակ չի հետապնդում և խոսքի ազատության դեմ ուղղված քայլ չէ։ Ցավալի կլինի, եթե Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարումը մեկնարկի լրատվամիջոցների ազատ գործունեության և խոսքի ազատության դեմ ուղղված քայլերով։ Որպես ժամանակակից ժողովրդավարական պետություն՝ Արցախի Հանրապետությունը մշտապես ժողովրդավարության սկզբունքների ամրագրման և խոսքի ազատության արժեքի գերակայության ապահովման օրինակ է ծառայել: Հուսով ենք` այս գործընթացն անշրջելի է: Հակառակ դեպքում` մեծ հարված է հասցվելու միջազգային ճանաչման խնդիր ունեցող Արցախի Հանրապետության հեղինակությանը, որպես ժամանակակից ժողովրդավարական պետություն, որի համար լրատվամիջոցների ազատ գործունեությունը և խոսքի ազատությունը կարևորագույն արժեքներ են:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը լիահույս է, որ խնդիրն իրոք տեխնիկական է, և մոտ օրերս եթերից հեռացված հեռուստաընկերությունների հեռարձակումը Արցախի Հանրապետության տարածքում կվերականգնվի: Մենք ուշի ուշով հետևելու ենք իրադարձությունների զարգացմանը և հետամուտ ենք լինելու տեխնիկական խնդիրների հնարավորիս արագ լուծման գործընթացին: Անհրաժեշտության դեպքում հանդես կգանք լրացուցիչ հայտարարություններով և ստեղծված իրավիճակի մասին հանրությանն ու մեդիաների ազատ գործունեությունը պաշտպանող մասնագիտացված կոռույցներին անհրաժեշտ տեղեկատվություն կտրամադրենք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր