ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Երևանում 345 հանրային ծառայողների համար շենք կկառուցվի. նոր որոշում
12:35, 04.06.2020 | mamul.am
4730 | 0

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հանրային ծառայողներին բնակարանով ապահովման նպատակով Երևանի Ադոնցի փողոցի N19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը:

Նշված համալիրի թվով 619 բնակարաններից սույն որոշմամբ սահմանված կարգով վաճառքի ենթակա են թվով 345 բնակարան, որոնք այս որոշման մեջ նշված շահառուներին կհանձնվեն 2 փուլով. մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը՝ թվով 200 և մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը՝ թվով 145 բնակարան:

Շահառու կարող են դառնալ՝ պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրից չօգտված և «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձինք, որոնց գործատուն և աշխատավայրը գտնվում են Երևան քաղաքում։, Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատողները, օտարերկրյա պետություններում գտնվող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձինք և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վերջին 3 տարվա ընթացքում հավանության արժանացած ծրագրեր իրականացնող կամ այդ ծրագրերի իրականացմանն ակտիվ մասնակցություն ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողները:

Բնարականների 1 քմ-ի արժեքը ներքին հարդարմամբ 345 000 դրամ է, իսկ առանց ներիքն հարդարման՝ 310 000 դրամ: Ավտոկայանատեղիի արժեքը 2,5 մլն դրամ է: Կանխավճարը 10 տոկոս է, իսկ վարկի մարման ժամկետը մինչեւ 20 տարի է: Վարկի տոկոսադրույքը 10 է: Բնակարաններն ու ավտոկայանատեղիները բաշխվելու են վիճակահանությամբ: Ավտոկայանատեղիների ձեռքբերումը կամավոր է:

Շենքային համալիրի բնակարանների և ավտոկայանատեղիների բաշխման ու վաճառքի աշխատանքները ՀՀ անունից՝ կազմակերպում և ղեկավարում է Քաղաքաշինության կոմիտեն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր