«Սա վառ ապացույցն է այն փաստի, որ ՀՀ դատական համակարգում առկա խնդիրն օր առաջ լուծման անհրաժեշտություն ունի»,- լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ կայացված որոշմանը, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: «Այն պնդումները, որ այստեղ կանգնած տարբեր գործընկերներ անում են, որ միգուցե սրա ժամանակը չէ, սին են: Դատական համակարգի հարցը պետք է օր առաջ լուծել: Այս օրերին ընդունված օրենքները հենց դրան են միտված: Դա էլ կլուծվի: Դուք հասկանո՞ւմ եք, որ սաբոտաժ է տեղի ունենում, որ տարբեր մարմիններում, այնուամենայնիվ, փողի հաշվին, ստի հաշվին փորձում են կանգնեցնել, խանգարել, նույնիսկ շահարկում են կորոնավիրուսի այս իրավիճակը: Որևէ բանի առջև իրենք չեն կանգնում, չեն էլ կանգնելու` իրենց միլիոնները փրկելու համար: Մենք պետք է ըստ իրավիճակի լուծումները գտնենք: Շատ դժվար է, բայց պետք է առաջ գնանք և ինքներս մեզ վստահենք»,- ասաց Ա. Սիմոնյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Վերաքննիչ դատարանը վերացրել է Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը։ |