ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Համերգ՝ նվիրված Բուժաշխատողի օրվան
05:20, 16.06.2020 | mamul.am
3787 | 0

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հունիսի 21-ին կներկայացնի առցանց համերգ՝ նվիրված Բուժաշխատողի օրվան։ ԿԵԱԿ բոլոր երաժշտախմբերը՝ փոքր կազմերով, իրենց խոնարհումը կբերեն այս օրերին բազում կյանքերի համար պայքար մղող բուժաշխատողներին:

Համերգն անցկացվելու է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան պատշգամբում, որտեղ կտեղադրվի հատուկ լուսավորություն։ Նշվում է, որ համերգի ընթացքում պահպանվելու են անվտանգության և հակահամաճարակային բոլոր կանոնները։

«Հատկանշական այդ օրը հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը։ Այս քայլով մենք մեր շնորհակալություն ենք հայտնում բոլոր բժիշկներին, բուժքույրերին, շտապօգնության անձնակազմերին, տեխնիկներին, դեղատների աշխատակիցներին և բոլոր նրանց, ովքեր հոգ են տանում մեր առավել խոցելի բնակչության համար: Շնորհակալություն նրանց բոլորին ամենօրյա զոհողությունների, նվիրվածության ու քաջության համար: Շնորհակալություն փրկված կյանքների համար»,- նշել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը։

Համերգին կներկայացվեն հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Այն հասանելի կլինի հունիսի 21-ին, ժամը 21։00 Կամերային երաժշտության ազգային կենտրոնի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր