ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ով խոսա գազից, պարոն Աշոտյանը պետք է խոսի, օրինակ, կարտոֆիլից». Արտակ Մանուկյան
01:30, 02.07.2020 | mamul.am
6469 | 1

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էլեկտրիկ Երևան շարժման ժամանակ էլ ավելի մեծ հայտնիություն ստացած Աշոտյանն այսօր մտքեր է երկնել իր հոգևոր առաջնորդի աննախադեպ հաջողությունների մասին՝ խոսելով 2013թ. գազի պայմանագրից։

Անդրադառնանք Հայաստանի գազային առումով աննախադեպ «հաջողություններին», այսինքն՝ 2013թ. պայմանագրին՝ արդյունքների մեկնաբանությունը հանձնելով ընթերցողի դատին․

1) Հայկական կողմը համաձայնագրով երաշխավորել է, որ մինչև 2043թ․ դեկտեմբերի 31-ը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի իրավունքներն ու շահերը ենթակա չեն փոփոխումների, լրացումների, հետ կանչման կամ կրճատումների, ինչպես նաև ապագա որևէ օրենք, որոշում, հրամանագիր կամ այլ իրավական ակտ չի փոփոխի, չեղյալ համարի կամ այլ կերպ ոտնահարի «Գազպրոմ» ԲԲԸ-ի, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի և դրանց համապատասխան իրավահաջորդների իրավունքներն ու շահերը։ 30 տարով դինամիկ զարգացող ոլորտում երաշխավորված շահեր տրամադրելով պայմանագրի կնքումը, իհարկե աննախադեպ «հաջողություն» կարելի է համարել։

2) Հայկական կողմը զրկվեց բաժնեմասերի տեսքով որևէ հակակշիռներից՝ փոխանցելով իրեն պատկանող մնացած 20% մասնաբաժինը։

3) Հայկական կողմը զիջեց նաև ապագայում կառուցվելիք «Իրան-Հայաստան» 400 կՎտ լարմամբ էլեկտրահաղորդման գծով էլեկտրաէներգիա արտահանելու առավելությունը։

Ցանկը շարունակելի է, ուղղակի չէի ցանկանա ծանրացնել տեքստը։ Ամփոփենք․․․ Ինչպես տեսնում եք, պայմանագիրը երկարաժամկետում նվազեցնում է Հայաստանի բանակցային ուժը և դիվերսիֆիկացման հնարավորությունները։

Շարունակենք զարգացումները մինչև հեղափոխություն, որպեսզի պատկերը թերի չլինի․․․

Երկրորդ պայմանավորվածությունը ձեռք բերվեց արդեն 2015 թ․ սեպտեմբերի 7-ին։ Այս պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին («Հայռուսգազարդը» վերանվանվել էր «Գազպրոմ Արմենիա») տվեց «Հայաստան-Վրաստան» 400 կվտ լարմամբ էլեկտրահաղորդման գծերը շահագործման հանձնելուց հետո դրանց միանալու երաշխավորված նախապատվություն՝ արտահանման նպատակով էլեկտրաէներգիայի առաքման համար, իսկ փոխարենը՝ սահմանին գազի գինը մինչև 2015թ․ դեկտեմբերի 31-ը նվազեց 24$-ով (1000խմ-ի դիմաց 189-ից՝ 165$)։ 2016թ․ պայմանավորվածություն ձեռք բերվեց գազի գինը 15$-ով իջեցնելու մասին, և գազի գինը սահմանին դարձավ 150 դոլար` մինչև 2018-ի դեկտեմբերի 31-ը: Ամփոփենք. ի՞նչ ստացավ Հայաստանը նման «շահավետ» պայմանագրի արդյունքում։

Հայաստանն ակտիվների դիմաց ստացավ 5 տարով գազի գնի համեմատական կայունություն, քանի որ ռուսական կողմը չէր կարող կամայական կերպով որոշել սահմանին գազի գինը, քանի որ այն ֆորմալ առումով ամրակցվել էր Օրենբուրգի մարզում գազի գնի հետ։

Արդյոք այս պայմանագիրը շահեկան էր, թե՞ ոչ․.. Դատողությունները ևս թողնում եմ ընթերցողին, անձամբ ինձ համար պատասխանն ակնհայտ է։

Հ․ Գ. 1 Ի դեպ, հարկ է հիշել, որ մերձհանրապետական շրջանակները գուժում էին, որ հավաստի աղբյուրները փաստում են, որ գազի գինը սահմանին լինելու է 250$ (հետո մի քիչ իջան ու կանգնեցին 220-200$-ի վրա), անգամ իբրև պաշտոնական տեղեկատվություն փաստաթղթեր էին շրջանառում․․․ հետո սկսվեց ստի հաջորդ սերիան, որ իբր ճիշտ է 250$-ի փոխարեն 165$ եղավ, բայց 2019-2020թթ. սահմանին գազի գնի թանկացումը ներքին սպառողների համար չթանկացնելու փոխարեն Հայաստանը պետք է որոշ ակտիվներ զիջի, ինչն ակնհայտ ՍՈՒՏ տեղեկատվություն էր։ Հ․ Գ. 2 Ես ներկայացրեցի 2013թ. պայմանագրի մասով փաստերը․․․ Կարծում եմ, որ ով խոսա գազից, պարոն Աշոտյանը պետք է խոսի, օրինակ, կարտոֆիլից, ինչպես բնութագրական գնահատական տվեց Մ. Մինասյանը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր