ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Ամուլսարի լարված իրավիճակից փորձեցին միավորներ հավաքել նաև ԲՀԿ-ականներն ու քոչարյանականները. ՀԲՃ
09:35, 02.07.2020 | mamul.am
4110 | 0

Հայկական բնապահպանական ճակատը հայտնում է. «Ամուլսարում առավոտից շարունակվող լարված իրավիճակը երեկոյան հանդարտվել է: Նոր պահնորդական ծառայության ներկայացուցիչները դուրս են բերել իրենց մեքենաները և տեղափոխվել են Վայք քաղաքի հյուրանոցներ բացի հերթապահողներից:
«Լիդիան»-ի նոր տերերը շարունակում են օգտագործել նախորդների մեթոդները և սադրանքներ են հրահրում: Զինված պահակախումբը երկու օր շարունակ կանգնած էր Ջերմուկի միջհամայնքային ճանապարհի եզրին և իր կեցվածքով ու առկայությամբ ահաբեկում էր զբոսաշրջային քաղաքի այցելուներին ու բնակիչներին: Այս նոր պահնորդային ընկերությունը նաև սադրանքներ կազմակերպեց՝ մի քանի անգամ խախտելով պայմանավորվածություններն ու անհարգալից վերաբերմունք դրսևորելով բնակիչների նկատմամբ: Այսինքն՝ հավանաբար, այս «ներկայացման» իմաստն էր կրկին անգամ լարվածություն ու բախումներ առաջացնելը, այն էլ՝ համաճարակի պայմաններում:
Մեր կասկածներն այն մասին, որ սադրանքները նախօրոք ծրագրված սցենարի մասն էին, հիմնավորվում են նրանով, որ «Լիդիան»-ի փաստաբանն այսօր հապշտապ հաղորդում է ուղարկել ոստիկանություն՝ իբրև իր աշխատակիցների նկատմամբ գործադրված բռնությունների առնչությամբ: Այս գիշեր ոստիկանությունն արդեն վկայություններ էր վերցնում վայրում ներկա եղած մարդկանցից:
Պահնորդային ընկերության ներկայացուցիչները, օրենքի պահանջը խախտելով, իրենց հագուստի վրա չէին կրում իրենց անունները, իսկ ընկերության անվան մասին հարցերին մենք առնվազն 4-5 տարբեր պատասխաններ ստացանք: Սա կասկածներ է առաջացրել, և առաջիկա օրերին կփորձենք հետաքննել ընկերության տվյալները:
Ամուլսարում ստեղծված լարված իրավիճակից փորձեցին միավորներ հավաքել նաև ԲՀԿ-ականներն ու քոչարյանականները, որոնց կապերը հանքարդյունահանության հետ հայտնի փաստ են, բայց տվյալ դեպքում նրանք քաղաքական դաշտում ակտիվանալու ու դիվիդենտներ հավաքելու նպատակ են հետապնդում:
Կասկածներ ունենք նաև, որ «Լիդիան»-ի նոր տերերը, այս ցուցադրական քայլերն անելով, ինչպես նաև իրենց հաղորդագրության մեջ հայտնելով, թե տարածքից տեխնիկայի գողություն կարող է տեղի ունենալ կամ գողության հիմնավոր կասկածներ ունեն, ցանկանում են հերթական մեքենայությունն անել, որպեսզի խուսափեն իրենց պարտատերերի առջև գույքային պարտավորություններից:
Երկու տարվա ընթացքում «Լիդիան»-ի գույքին որևէ վնաս չի տրվել, համայնքի բնակիչները պարզապես դեմ են իրենց տարածքը հանքային ավերակի վերածելուն և միայն խաղաղ պայքարի միջոցով խոչընդոտել են իրենց կամքին հակառակ պարտադրված հանքահենային ծրագրի իրականացմանը։
Շնորհակալ ենք բոլորին, ովքեր վերահաստատեցին համայնքի ուժը և վճռականությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր