ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Սա գնահատում եմ որպես պարզունակ սպեկուլյացիա». Տիգրան Հակոբյան
23:30, 03.07.2020 | mamul.am
5316 | 1

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթերում դիմակ կրելու և «Արմնյուզ» հ/ը վարչական տույժի ենթարկելու վերաբերյալ

Որպես կարգավորող մարմնի ղեկավար, ինձ համար տհաճ է, երբ Ոստիկանությունը այցելում է (անկախ այցելության պատճառներից) ցանկացած հեռարձակողի գրասենյակ: Լավ կլիներ՝ այդպիսի այցելություններ չլինեին:
Ավելի տհաճ է, երբ այդպիսի այցելությունը քաղաքական շահարկման առիթ է դառնում և մանիպուլյատիվ հնարքներով հիշատակվում է իմ անունը:
Իսկ այժմ բացատրեմ՝ ինչի մասին է խոսքը: Այսօր ոստիկանները այցելել են «Արմնյուզ» հ/ը և արձանագրություն են կազմել եթերում դիմակ չկրելու համար: Տուգանքը, եթե չեմ սխալվում, 10 հազար դրամ է: «Արմնյուզ» ռադիոկայանի տնօրեն և «Արմնյուզ» հեռուստաալիքի հաղորդավար Լիկա Թումանյանը (և ոչ միայն նա) եթերում դիմակ չկրելը հիմնավորում է մոտ մեկ ամիս առաջ լրատվականներից մեկին հեռախոսով արտահայտած իմ այն տեսակետով, որ (մեջբերում եմ լրատվականի տեքստից). «Հեռուստաընկերությունների տաղավարներում պարտադիր դիմակով նկարահանում անելու պարետի համապատասխան որոշում չկա՛, որքանով ես գիտեմ»: Խոսքը, բնականաբար, գնում էր մեկ հաղոդավարի մասին (երբ երկուսն են, դա պարտադիր է, և այդ պահանջը, կարծես, չի վիճարկվում):
«Որքանով ես գիտեմ»-ը թույլ փաստարկ է, և դա ես օգտագործել եմ, որովհետև ինքս էլ համոզված չէի, որ պարետի որոշումները հստակ պարտադրում են հաղորդավարին եթերում մենակ լինելով դիմակ կրել: Եվ այդ խնդրի մասին բազմաթիվ անգամ հայտնել եմ իմ տեսակետը և՛ օրենսդիր, և՛ գործադիր իշխանությունների ներկայացուցիչներին: Այնուամենայնիվ, հեռարձակողների տնօրենների հետ խոսելիս միշտ խնդրել եմ այդ դիմակը կրել, բացատրելով թե, ինչու է դա անհրաժեշտ: Այդ խնդրանքը (համապատասխան փաստարկներով) հնչել է նաև ԱԺ-ում կայացած լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Հիշեցնեմ նաև, որ հունիսի 26-ին, այսինքն՝ մեկ շաբաթ առաջ, Կառավարությունը դիմեց կոչով բոլոր լրատվամիջոցներին հետևյալ կարճ հաղորդագրությամբ․ «Հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակը՝ ևս մեկ անգամ ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել ՀՀ պարետի N 110-Ն որոշման հավելված 16-ի կետ 2-րդի վրա․ «Աշխատատանքային պարտականությունները կատարելիս աշխատակիցները կրում են դիմակներ: Կոչ ենք անում անվերապահորեն պահպանել սահմանված կանոնները եթերում։
Տեղեկացնում ենք, որ կանոնների խախտումը կառաջացնի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն»։
Այս կոչ-զգուշացումից հետո նորից հղում անելը իմ մեկամսյա վաղեմության կարծիքին գնահատում եմ որպես պարզունակ սպեկուլյացիա: Բայց եթե ենթադրեմ, որ ՀՌՀ նախագահի կարծիքը այնքան արժեքավոր է Լիկա Թումանյանի և իմ որոշ այլ գործընկերների համար, և որը պատրաստ եք անվերապահորեն կատարել, նույնիսկ «կռիվ» տալով ոստիկանության և պարետատան որոշումների դեմ, ապա ակնկալում եմ ձեր պատասխանատու վերաբերմունքը իմ՝ նախկինում հնչեցրած այլ տեսակետներին, խնդրանքներին և հորդորներին:
Այս թեման փակելով, կարծում եմ, որ արդյունավետ կլիներ կազմակերպել հեռարձակողների և պարետատան պատասխանատուների հանդիպում, որի ընթացքում կողմերը լսելով միմյանց փաստարկներն ու առաջարկները, կկարողանան գալ վերջնական հայտարարի՝ նպատակ ունենալով համավարակի դեմ համատեղ պայքարն ու հաղթահարումը:
Իսկ վերջում ամենակարևորի մասին. Ոստիկանության կողմից վարչական վարույթ հարուցելու մասին իր ֆեյսբուքյան գրառումը Լիկա Թումանյանը ավարտում է հետևյալ նախադասությամբ. «Լրատվամիջոցների դեմ արշավը սկսված է»: Կասկածում եմ, որ արշավները 10 հազար դրամանոց տուգանքներից են սկսվում, հատկապես, որ նախորդ օրը Կառավարության որոշումով մայրաքաղաքային ծածկույթ ունեցող յուրաքանչյուր հեռուստատեսությունին հատկացվեց 250 անգամ ավելի մեծ գումար: Եվ առաջարկում եմ Լիկային (որին շատ եմ համակրում) այցելել ինձ: Կբացեմ արկղների մեջ պահվող իմ պահոցները, որտեղ հարյուրավոր վկայություններ կան մեդիայի դեմ արշավների մասին՝ լուսանկարներ, տեսանյութեր հոդվածներ, դատավճիռներ…: Կտեսնի ավիրված խմբագրություններ, այրված մեքենաներ, հարկային տեռորի մասին վկայող որոշումներ, առգրավված համակարգիչներ, տասնյակ ծեծված լրագրողների պատկերներ, քրեական գործերի պատճեններ (երկուսն իմ դեմ 2000 թ.), ազատազրկված լրագրողների երեխաների նամակներ, մարտի 1-ից հետո փակված լրատվամիջոցներ, խեղված ճակատագրեր…: Եվ այդ ամենին ծանոթանալուց հետո մեկ գավաթ գինիով կմաղթենք բոլորիս, որ այլևս «Լրատվամիջոցների դեմ արշավը» լինի միայն այսպիսին՝ 10 000 դրամ տուգանքով….»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր