Հնդկաստանի բնակիչը սեփական հարսանիքի ժամանակ կորոնավիրուսով է վարակել ավելի քան 100 հյուրի և մահացել մի քանի օր հետո: Այս մասին հայտնում է The Indian Express-ը՝ նշելով, որ վերոնշյալ միջոցառումն ամենամեծ օջախն է դարձել Բիհար նահանգում: Հարսանիքը տեղի է ունեցել հունիսի 14-ին Փալիգանջ քաղաքում: 30-ամյա փեսացուն Փալիգանջ է եկել Գուրգաոն քաղաքից, որտեղ աշխատել է: Հարսանիքից 2 օր անց, փեսացուի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին 30-ամյա տղամարդը մահացել է: Դեպքից հետո թեստավորել են միջոցառմանը մասնակցած բոլոր հյուրերին: 113 մարդու թեստի պատասխան դրական է եղել: Նրանցից շատերը վարակել են նաև այլ մարդկանց: Հնդկաստանում պանդեմիայի սկզբից արձանագրվել է մոտ 600 հազար վարակված, շուրջ 18 հազարը մահացել է: |