ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«1995թ. հուլիսի 5-ը Հայաստանի նորագույն պատմության ամենախայտառակ օրն էր». Կարեն Հեքիմյան
12:30, 05.07.2020 | mamul.am
5404 | 1

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1995թ. հուլիսի 5-ը Հայաստանի նորագույն պատմության ամենախայտառակ օրն էր: Այդ օրը սկիզբ դրվեց ընտրակեղծարարությանը, անձնական շահերի համար վարչական ռեսուրսի և թաղային հեղինակությունների օգտագործմանը, այդ օրը Հայաստանում առաջին անգամ ընտրակաշառք բաժանվեց: Ես դա ասում եմ՝ որպես ականատես, վկա և ընտրական գործընթացի անմիջական մասնակից:

Երևանի Շենգավիթի շրջանում կար թվով 6 ընտրատարածք: Թիվ 1 ընտրատարածքում իշխանությունը՝ Ռուբինյան Կարապետի ընտրվելու համար զանգվածաբար օգտագործում էր վարչական ռեսուրսներ: Այդ ընտրատարածքում նախապես չէին գրանցել այն թեկնածուներին, որոնք կարող էին ինչ-որ կերպ խանգարել Ռուբինյանի ընտրությանը: Վերջինիս օգտին էին աշխատում թաղային հեղինակությունները՝ բազարի կյաժի եղբոր՝ Վաչոյի գլխավորությամբ: Այս ընտրատարածքում եղան լցոնումներ և առաջին անգամ կիրառվեց կարուսելը:

Թիվ 2-րդ ընտրատարածքի նախագահը ես էի և հետևաբար, ընտրատարածքային հանձնաժողովը, ինչպես նաև տեղամասային հանձնաժողովների մեծ մասն անվերահսկելի էին իշխանությունների կողմից: Մեր պարագայում, իշխանությունն իր խնդիրները լուծում էր բացառապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջոցով, ընտրակաշառքների և վարչական ռեսուրսի օգտագործմամբ: Ի սկզբանե, պայքարից դուրս մղվեց Սուրեն Զոլյանը: Մինչև այժմ աչքիս առաջ է միջին տարիքի մի տղամարդ, ով գրկած՝ Բելինսկու անվան դպրոցում տեղակայված ընտրատեղամաս էր բերել 109 տարեկան տատիին, դրա դիմաց ստանալով մի քանի կիլոգրամ բրինձ և մի քանի խոստում: Այդ ընտրատարածքում, իրենց խայտառակ կեցվացքով, հատկապես աչքի ընկան ԺԷԿ-ի Հրաչը, հին կռուգի Ռոստոմը և ռուս գործիչ՝ Միհրանյան Անդրանիկի եղբայր Կիտայը:

Թիվ 3-րդ ընտրատատարածքն Աշոտ Նավասարդյանինն էր: Նավասարդյանի ընտրարշավը ղեկավարում էր Մարգարյան Անդրանիկը, իսկ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն էր Բեժանյան Նուրիսան: Նավասարդյանի թիմն ի սկզբանե պայքարից դուրս մղեց այդ տարածքում մեծ հեղինակություն վայելող, հայտնի իրավաբան Ստեփան Ծաղիկյանին, ում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը «չորով» չգրանցեց որպես պատգամավորության թեկնածու: Անգամ մնալով առանց լուրջ մրցակիցների, Աշոտ Նավասարդյանի թիմը, այնուամենայնիվ, օգտագործեց վարչական ռեսուրս: Արձանագրվեցին նաև լցոնումների դեպքեր:

Թիվ 4 ընտրատարածքում այդ օրերին ամեն ինչ կար: Ե՛վ դանակահարություն, և՛ ընտրակեղծարարություն, և՛ աննախադեպ չափի լցոնումներ, և՛ վարչական ռեսուրսի օգտագործում, և՛ թաղային հեղինակությունների ներգրավվում, մի խոսքով՝ ԱՄԵՆ ԻՆՉ: Ես երբեք չեմ մոռանա դանակահարված դաշնակցական Յուրային (հեռացվեց վերջինիս փայծախը, այնուհետև նա մահացավ), Համլետին: Դա մոռանալ չի լինի: Այդ ընտրատարածքի իշխանական թեկնածուն Կարամելի Հարութն էր:

5-րդ ընտրատարածքում ևս ծեծ ու ջարդ էր և ընտրակեղծարարություն: Այս ընտրատարածքի իշխանական թեկնածուն Բաղդասարյան Արթուրն էր: Այդ ընտրատարածքում՝ որպես պատգամավորության թեկնածու չգրանցեցին հեղինակություն համարվող՝ գող Սքեյի քրոջ որդի Աշոտին, ով ընտրվելու մեծ շանս ուներ: Բաղդասարյան Արթուրի և նրա ընտրարշավի կազմակերպիչներից Խուրշուդյան Էդմոնի ջանքերով, որպես պատգամավորության թեկնածու, չգրանցվեցին նաև մի շարք այլ ուժեղ թեկնածուներ: Սակայն դա էլ չբավականացրեց Բաղդասարյան Արթուրի անխոչընդոտ ընտրությանը: Վերջինիս ազգական՝ պիվնոյի Գոքորը սկսեց ուժային գործողություններ իրականացնել: Այդ ընտրատարածքում եղան զանգվածային ահաբեկումներ, ծեծ ու ջարդ, աննախադեպ լցոնումներ, կարուսել, ընտրակաշառք և վարչական ռեսուրսի օգտագործում:

Թիվ 6-րդ ընտրատարածքը համեմատաբար հանգիստ էր: Դա պայմանավորված էր թեկնածուներով: Համենայնդեպս ինձ վրա լավ տպավորություն էր թողել իշխանական թեկնածու՝ ՀՀՇ-ի Գրիգորյան Հրաչը: Այստեղ չկար ծեծ ու ջարդ, չեմ նկատել անգամ ընտրակաշառք: Միայն վարչական ռեսուրսի օգտագործում: Ավելին, կար ուժեղ ընդդիմադիր թեկնածու Համլետ Հակոբյանը՝ Չարլին (Աստված հոգին լուսավորի): Մի խոսքով, այս ընտրատարածքում երկրորդ փուլ եղավ և, ի վերջո, հաղթեց Գրիգորյան Հրաչը:

Պարզ է, որ ամեն ինչ չեմ պատմել: Աստիճանաբար պատմում եմ: Այսպիսին էր 1995թ. հուլիսի 5-ը: Այդ օրն աննախադեպ ընտրակեղծարարության, ծեծ ու ջարդի, ահաբեկումների, լցոնումների արդյունքում ունեցանք Սահմանադրություն: Կրկնում եմ, այս ամենն ասում եմ, որպես ականատես, վկա և կեղծիքների դեմ պայքարող անմիջական մասնակից: Ի դեպ, այդ օրերին կեղծիքների դեմ էին ԱԺՄ-ն, ԱԻՄ-ը, ՀՅԴ-ն, ՍԻՄ-ը: Շնորհակալություն նրանց:

Հ. Գ. Հա, մոռացա: Թիվ 2 ընտրատարածքի ընտրողների մեծ մասը դեմ էին քվեարկել ՀՀ Սահմանադրության նախագծին: Փաստաթղթերը կնքեցի և ուղարկեցի Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Մի քանի օր անց պարզվեց, որ թիվ 2 ընտրատարածքի ընտրողների մեծամասնությունը կողմ է քվեարկել Սահմանադրությանը:

Հ. Գ. Ամեն տարի սրա մասին եմ գրում: Չեմ հոգնելու»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր