ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Սա մեր պետական կառույցի ամենամեծ համակարգային թերությունն է». Նիկոլ Փաշինյան
13:30, 05.07.2020 | mamul.am
7239 | 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, այսօր Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս: Պետք է անկեղծ արձանագրել, սակայն, որ ինչքան էլ բոլորս հասկանում ենք Սահմանադրության կարևորությունը պետության կայացման, հանրային և պետական հարաբերությունների կարգավորման գործում, այս պետականորեն նշվող օրվա մեջ ինչ-որ կիսատություն կա, լիարժեքության պակաս:

Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ երեք անգամ պաշտոնապես արձանագրվել է, որ ժողովուրդը հանրաքվեով ընդունել է Սահմանադրություն, կամ սահմանադրական փոփոխություններ: Բայց այդ հանրաքվեներից ոչ մեկի արդյունքները վստահելի չեն համարվել հանրության կողմից: Հայաստանի քաղաքացիներն իրենցը չեն համարել Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու որոշումը, իրենցը չեն համարել նաև այդ որոշումների արդյունքում ընդունված Սահմանադրությունը:

Սա մեր պետական կառույցի ամենամեծ համակարգային թերությունն է, որովհետև Սահմանադրությունը, ըստ էության, քաղաքացիների պայմանավորվածություն պիտի լինի քաղաքացի-քաղաքացի, պետություն-քաղաքացի հարաբերությունների մասին: Եվ ըստ այդմ, պետական կարգը պետք է բխի քաղաքացիների կամքից, պետական կարգի հիմքում պետք է քաղաքացիների կամարտահայտությունը դրված լինի, ինչը պետության անսասանությունը երաշխավորող գործոն պիտի դառնա, պետության ճակատագրի համար քաղաքացիների ստանձնած պատասխանատվության արգասիք, պետություն ունենալու քաղաքացիների կամքի արտահայտություն:

Հատկապես վերջին շրջանի մի շարք իրադարձությունների վերլուծությունն ինձ հանգեցրել է այն մտքին, որ Հայաստանի քաղաքացիները երկրի պետական կարգը հաճախ իրենցը չեն համարում, չեն տեսնում այդ կարգի օրգանական կապն իրենց կամքի հետ:

Ու չնայած, իմ դիրքորոշումը եղել է այն, որ Սահմանադրության հաճախակի փոփոխություններն անհարկի սթրեսի են ենթարկում պետական համակարգը, Սահմանադրությանն անընդհատ փոփոխությունները բերում են անորոշությունների, նախորդ պարբերության մեջ նշված հանգամանքների գիտակցումն ինձ բերել է այն եզրակացության, որ մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, որը քաղաքացիների կամքի վրա հենված, քաղաքացիների կամքից բխող պետական կարգ կհաստատի Հայաստանում:

Նոր Սահմանադրությունը, ըստ այդմ, պետք է ստեղծվի ոչ թե կոնկրետ անձի, անձանց, քաղաքական ուժի կամ խմբի ճաշակով ու «հագով», ոչ թե որևէ իշխանության վերարտադրությունն ապահովելու նպատակ պետք է ունենա, այլ ժողովրդի իշխանությունն ամրացնելու, ժողովդրի կամքից բխող պետական կարգ ունենալու և պետություն ունենալու քաղաքացիների կամքն արտահայտելու ռազմավարական հարցը պետք է լուծի:

Այս գործընթացը մեկնարկած է, հույս ունենք նոր Սահմանադրության նախագծի ձևավորումը կանցնի հնարավորինս լայն հանրային քննարկում և 2021-ին կայանալիք հանրաքվեով կընդունվի ժողովրդի ազատ կամարտահայտմամբ: Այս կարևոր գործում բոլորիս հաջողություն եմ մաղթում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր