ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է բացահայտել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հանցավոր նկրտումներն, ինչպես նաև հակազդել համացանցի տարբեր հարթակներում ադրբեջանցի օգտատերերի կողմից շարունակական բնույթ կրող հակահայկական և ՀՀ զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված ակցիաներին: Հիշյալ ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ստացված տվյալներից դիտվում է, որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների «արհեստավարժ հետախույզները», հավատարիմ մնալով իրենց բնորոշ պարզունակ գործելաոճին և օգտագործելով արդի տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները, շարունակում են համացանցի սոցցանցերում գրանցել արտերկրում բնակվող հայերի անուններով կեղծ էջեր և ներկայանալով որպես գործարար-բարերարներ, կամ ՀՀ ԶՈՒ նախկին զինծառայողներ, ծանոթություններ են հաստատում հայ զինծառայող-օգտատերերի, կամ նրանց հարազատների հետ ու շփումների ընթացքում փորձում են կորզել ռազմական բնույթի տեղեկություններ: Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների գործողություններն այնքան նույնաբովանդակ և պարզունակ են, որ ՀՀ ԶՈւ զինծառայող-օգտատերերը գրեթե առաջին իսկ արտահայտությունից հասկանում են, որ գործ ունեն ադրբեջանական «հզոր հետախույզի» հետ և դադարեցնում են նրանց հետ շփումներն ու անմիջապես իրազեկում համապատասխան մարմիններին: Չնայած նշված հանգամանքին՝ այնուամենայնիվ, ՀՀ ԶՈՒ-ում դեռևս կան առանձին զինծառայողներ, այդ թվում հրամանատարական կազմի շրջանում, ովքեր միամտորեն կարծելով, որ հաղորդակցվում են իրենց նախկին ծառայակիցների կամ ենթակաների հետ, նամակարգրությունների ընթացքում քննարկում են զինվորական ծառայությանը վերաբերող հարցեր: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից-օգտատերը, «Facebook» սոցիալական ցանցում գրանցված մտացածին էջով (կեղծ) նամակագրական կապեր է հաստատել ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայի հետ և փորձել է նրանից կորզել տեղեկություններ ՀՀ ԶՈւ վերաբերյալ: |