ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Քաղաքացիներից պահանջել են 500 հազար դրամ՝ հիվանդանոցից դուրս գրելու համար». Գևորգ Գորգիսյան
14:00, 07.07.2020 | mamul.am
7444 | 5

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքացիները թանկ են վճարում COVID-19-ի դեմ պայքարելու համար:

Ինձ է դիմել քաղաքացի Արա Նազարյանը՝ հայտնելով, որ իրենց ամբողջ ընտանիքը COVID-19-ով է վարակվել: Ծնողների բուժումը տանն է կատարվել, դեղորայքի և բուժքրոջ համար վճարել են 250 հազար ՀՀ դրամ, տան անդամներին համակարգչային տոմոգրաֆիայի (ԿՏ) համար ևս վճարել է Արա Նազարյանը՝ 160 հազար ՀՀ դրամ:
Տանը բուժում ստանալուց հետո ծնողների վիճակը չի բարելավվել, տեղափոխել են հիվանդանոց՝ հիվանդանոցային պայմաններում բուժումն իրականացնելու: Թեստավորում կատարելուց հետո ծնողների թեստերի արդյունքները հիվանդանոցում կորցրել են և միայն 7 օր անց հայտնել են, որ թեստի պատասխանները բացասական են, որից հետո դուրս գրվելու համար քաղաքացիներից պահանջել են մոտ 500 հազար ՀՀ դրամ: Արա Նազարյանը դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն, նամակ է ուղարկել նաև նախարարի ֆբ էջին, հարցին որևէ լուծում չի տրվել, նախարարը չի արձագանքել ֆբ հաղորդագրությանը:
Նշեմ, որ քաղաքացին բախվել է նաև մեկ այլ խնդրի. քանի որ բնակվում է Երևանում, բայց գրանցված է մարզում, հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում հրաժարվել են թեստավորում իրականացնել՝ պահանջելով, որ COVID-19-ով վարակված հիվանդը գնա Գյումրի կամ համատիրությունից փաստաթուղթ ներկայացնի:
Ինքս անձամբ քաղաքացու բարձրացրած խնդրով դիմել եմ նախարարին՝ հաղորդագրություն ուղարկելով նրա ֆբ էջին: Ավելացնեմ նաև, որ ես նույնպես որևէ պատասխան չեմ ստացել նախարարից:
Առողջապահության ոլորտի պատասխանատուների աշխատանքի գնահատականը թողնում եմ քաղաքացիներին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր