ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Պաշտպանական կողմն առարկում է մեղադրող կողմի միջնորդությունը քննության առնել
15:05, 07.07.2020 | mamul.am
3238 | 0

Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Նախորդ նիստը հետաձգվել էր, քանի որ պարետի կողմից սահմանված կանոնները պահպանված չէին: Այսօր նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ դատարանի կողմից ձեռնարկվել են միջոցներ՝ դահլիճում հակահամաճարակային կանոնները պահպանելու համար:

Դիմելով պաշտպանական կողմին՝ դատավորը նկատեց, որ նրանք չեն պահպանում սոցիալական հեռավորությունը:

Դատական նիստն ընդմիջվեց։

Ընդմիջումից հետո Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը հայտնեց, որ իր միջնորդություններից մեկը բանավոր կարգով չի քննարկվել և խնդրեց հնարավորություն տալ այն ներկայացնելու։ Աննա Դանիբեկյանը նշեց, որ այդ միջնորդությանը դեռ կանդրադառնան՝ հավելելով, որ մեղադրող կողմն է միջնորդություն ներկայացրել, որը չի քննարկվել, քանի որ ներկա չի եղել պաշտպան Միհրան Պողոսյանը։

Նշենք, որ մեղադրող կողմը միջնորդել էր բոլոր ամբաստանյալների պաշտպանների գործողություններում ճանաչել իրավունքի չարաշահում, սահմանափակել դատական նիստի նախապատրաստական ենթափուլն ու հնարավորություն տալ անցնել դատաքննության:

Պաշտպան Կ. Մեժլումյանն ասաց, որ ինքը միջնորդում է դատախազների այդ միջնորդությունը քննության չառնել, քանի որ դեռևս օգոստոսի 22-ին ներկայացրած իր միջնորդությունը քննության չի առնվել։

Ի պատասխան դատավորն ասաց, որ արդեն իսկ որոշել է առաջնահերթ քննության առնել դատախազների միջնորդությունը։

«Դեռևս օգոստոսի 22-ին ներկայացրել եմ միջնորդություն գործի քննությունը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին, այժմ այն պետք է քննության առնվեր, որովհետև մինչ այդ դատարանը, հրատապությունից ելնելով, այլ միջնորդություն էր քննել՝ խափանման միջոցի հետ կապված, և որի լուծումից հետո, բնական է, իմ միջնորդությունը պետք է քննության առնվեր, բայց հանկարծ, երբ տեխնիկական հարց էր քննարկվում՝ սեղան-աթոռները դասավորելու հետ կապված, մեղադրողները միջնորդում են անձանց պաշտպանական իրավունքից զրկել, և դատարանն այսօր հայտարարում է, որ որոշել է այդ միջնորդությունը քննության առնել, մինչդեռ այդ միջնորդությունը չէր կարող հրապարակվել, որովհետև կողմերը, մասնավորապես պարոն Պողոսյանը չկար, և դատարանը չէր կարող այդ միջնորդությունը հետագայում քննության առնելու որոշում կայացնել»,- ասաց Մեժլումյանը:

Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը ևս առարկություն հայտնեց․ «Հիմա ես համոզվածություն ունեմ, որ մեղադրող կողմը, տեսնելով, որ միջնորդությունը հիմնավոր է և ենթակա է լինելու բավարարման, միջնորդություն է ներկայացրել միջնորդություններ՝ ներկայացնելու իրավունքից պաշտպաններին զրկելու համար, և Դուք, այլ ելք չունենալով, բավարարել եք մեղադրող միջնորդությունը, և այժմ քննարկման առարկա եք փորձում դարձնել պաշտպանական իրավունքը սահմանափակելու միջնորդությունը»,- ասաց Խաչատուրովի պաշտպանը:

Տուժող կողմի պաշտպան Սեդ Սաֆարյանը հայտնեց, որ գործընթացն անհարկի ձգձգվում է: Նա խնդրեց նախագահող դատավորին չանդրադառնալ այն հարցերին, որոնք կապ չունեն գործի բուն ընթացքի հետ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր