ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Այստեղ են թաքնված Բաքվի բռնապետի իրական վախերը». Տաթևիկ Հայրապետյան
17:00, 07.07.2020 | mamul.am
4966 | 0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը համավարակի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի շրջանակներում, իհարկե, չի մոռացել նաև անդրադառնալ Հայաստանին: Գրեթե ամբողջությամբ կրկնելով նախորդ ելույթի հիմնական դրույթները՝ Ալիևը որոշել է «վախկոտ» անվանել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ով իր բոլոր թերություններով հանդերձ, գտել է ուժ անարյուն հեռանալ իշխանությունից՝ ժողովրդի ճնշման ներքո: 17 տարի իշխանությունը հորից ժառանգած բռնապետ Ալիևը «վախկոտ» է համարում այն քաղաքական գործչին, ով չհանդգնեց երրորդ անգամ ղեկավարել երկիրը և հեռացավ խաղաղ, ոչ բռնի հեղափոխության արդյունքում: Փաստացի, նավթային բռնապետի համար ժողովրդի կամքը հաշվի առնելը, ժողովրդի ճնշումներին ենթարկվելը և իշխանությունը ժողովրդին թողնելը «վախկոտություն» է: Հետևաբար, ալիևյան «քաջության» դրսևորումն իր ցմահ իշխանությունն է և դինաստիական կառավարումը, որի տապալման ուղղված ամենաչնչին փորձերն անգամ խեղդվում են արյան և բռնաճնշումների մեջ: Նա իր ժողովրդին կոչ է անում երբեք իրեն չզրկել իշխանությունից և «վախկոտ» չդարձնել:

Անդրադառնալով վերջին 2 տարիներին Հայաստանում ստեղծված իրականությանը՝ Ալիևն իրավական գործընթացները կրկին ներկայացնում է «քաոսի» տեսքով՝ քաջ գիտակցելով, որ եթե Ադրբեջանում մի օր հաղթի ժողովրդավարությունը և ձևավորվի լեգիտիմ կառավարություն, ապա առաջին հերթին, հենց Ալիևն ու իր ամբողջ դինաստիան կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ իրենց թալանած գումարները՝ կվերադարձվեն ժողովրդին: Ահա այստեղ են թաքնված Բաքվի բռնապետի իրական վախերը: Իսկ ժողովրդի կամքի ուժը թող ոչ ոք չթերագնահատի:

Ամփոփելով նշեմ, որ Ալիևը պետք է հասկանա մեկընդմիշտ՝ ներքաղաքական հարցերում մեր դիրքորոշումների բոլոր հակասություններով հանդերձ՝ Արցախի հարցում մենք միասնական ենք, մեր ազատ ապրելու իրավունքն անբեկանելի է, իսկ մեզ բնաջնջելու ադրբեջանական «երազանքը»՝ անիրականանալի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր