ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
ԿԸՀ-ն մերժեց ԼՀԿ-ի դիմումը
16:05, 08.07.2020 | mamul.am
4014 | 1

ԿԸՀ-ն քննարկում էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի դիմումը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ դիմել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ԱԺ ընտրությունների արդյունքում ստացել էր 18 մանդատ, սակայն խմբակցությունից հեռացել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ դառնալով անկախ պատգամավոր։

«Տրամադրված ընդհանուր մանդատների թիվը 132 է, որոշումը ո՛չ վիճարկվել է, ո՛չ փոփոխվել, ո՛չ լրացվել։ Եթե պահանջում եք լրացուցիչ մանդատ, նշանակում է՝ 132 թիվը դառնալու է 133, ճի՞շտ է ձեր տրամաբանությունը»,- դիմելով ԿԸՀ-ում կուսակցության ներկայացուցիչ նշանակված Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանին՝ ասաց ԿԸՀ նախագահը։

«Կարելի է երկու ուղղությամբ գնալ՝ կամ հավելումների միջոցով, կամ պարոն Բաբաջանյանին մանդատից զրկելու ճանապարհով․․․ Ամենաքիչ ձայները ստացած պատգամավորը չի կարող ինքնուրույն համարվել առանձին միավոր՝ խախտելով համամասնությունը։ Մեր պահանջը 18 մանդատի վերականգնումն է»,- արձագանքեց Խաժակյանը։

«Եթե առկա չէ թափուր մանդատ, ո՞ր մանդատը պետք է ԿԸՀ-ն տա, չէ՞ որ թափուրի դեպքում է տրամադրվում լրացուցիչը»,- նկատեց Մուկուչյանը։ Խաժակյանը նշեց, որ հանձնաժողովի կողմից կաշկանդվածություն է նկատում։

Արդյունքում ԿԸՀ-ն հրապարակեց իրենց որոշման նախագծի եզրափակիչ հատվածը․ «Լրացուցիչ մանդատ տրամադրելու լիազորությամբ ԿԸՀ-ն օժտված չէ, ԿԸՀ-ն կարող է մանդատը տրամադրել մեկ այլ թեկնածուի՝ բացառապես թափուր մանդատ առաջանալու դեպքում։ Այսպիսով՝ ԿԸՀ-ն մերժում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի դիմումը»։ Մուկուչյանն ասաց, որ այն կարող է բողոքարկվել 3 օրվա ընթացքում՝ Վարչական դատարանում։

ԿԸՀ նիստ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր