Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.00, EUR 573.17, RUB 6.58, GBP 634.96
+23 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+31 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«ՀՀ կառավարությունն ուղարկել է ՄԻԵԴ-ի հարցերի պատասխանները. որոշումն ակնկալվում է այս շաբաթ»․ Եղիշե Կիրակոսյան
17:45, 08.07.2020

Սահմանադրական փոփոխություններով Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը կորցրած Հրայր Թովմասյանը և աշխատանքից ազատված դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Ազատություն» ռ/կ-ի եթերում այսօր մանրամասներ է հայտնել հարցի հետ կապված:

«Հայաստանի կառավարությունն ստացել էր դիմումատուների՝ ՍԴ նախկին դատավորների և Հրայր Թովմասյանի դիմումը՝ ուղղված եվրոպական դատարանին: Դիմումատուները եվրոպական դատարանից պահանջել էին կիրառել միջանկյալ միջոց ՀՀ-ի նկատմամբ, որի հիման վրա դատարանը ՀՀ կառավարությանն առաջադրել էր որոշակի հարցեր, որպեսզի ունենար բավարար չափով տեղեկատվություն, անհրաժեշտ նյութեր՝ որոշում կայացնելու համար: ՀՀ կառավարությունն արդեն իսկ ուղարկել է պատասխանները: Որոշումն ակնկալվում է այս շաբաթ: Դիմումատուները, ի թիվս այլնի, պահանջում են սահմանադրական բարեփոխումների կասեցում»:

Հարցին, թե եվրոպական դատարանն ունի՞ այնպիսի գործիքակազմ, որի միջոցով կկարողանա պարտադրել ՀՀ կառավարությանը՝ որպես հայցի ապահովման միջոց, ժամանակավորապես չկիրառել սահմանադրական փոփոխություները, Եղիշե Կիրակոսյանը պատասխանել է. «Ես չեմ կարծում, որ նման կերպ կզարգանան իրադարձությունները, որովհետև չեմ կարծում, որ դատարանը նման իրավասություններ ունի. դա ինչ-որ սահմաններից դուրս կլինի, և քիչ հավանական եմ համարում նմանատիպ որոշումները»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր